Քաղաքացիներին թղթաբանական քաշքշուկներից ազատելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ Հայաստան-Վրաստան սահմաններն առանց ավելորդ խնդիրների հատելու համար, Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան սահմանային կետերում կգործի մեկ պատուհան: Մինչ այս, սահմանի վրա վեց գերատեսչության` մաքսայինի, գյուղնախարարության, միգրացիոն ծառայության, առողջապահության նախարարության ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության հետ գործ ունեցող քաղաքացին այսուհետ կառնչվի միայն մեկ մարմնի հետ` մեկ պատուհանի միջոցով: Այսօր Ազգային անվտանգության խորհրդում կազմակերպված միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին հայտնեց Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հայաստանի սահմաններն արդիականացնելու համար միջազգային դոնոր կազմակերպությունները տրամադրել են 60 միլիոն եվրո: Ծրագրի իրականացման մի մասն էլ կհատկացվի մեր երկրի պետական բյուջեից: Այդ գումարով կկառուցվեն սահմանային նոր ենթակառուցվածքներ` շենքեր, շինություններ, որոնք տեխնիկապես կվերազինվեն:
Արթուր Բաղդասարյանի խոսքերով, Հայաստան-Վրաստան պետական սահմանին, բացի մեկ պատուհանից, գործելու է նաեւ մեկ կանգառ գաղափարը. «Մեկ կանգառ մեկ պատուհանի ներդրմամբ օպտիմալացնելու ենք եւ քաղաքացին մեկ մարմնի հետ է գործ ունենալու: Բեռներ տեղափոխող գործարարները կամ այլ քաղաքացիներ այլեւս առնչություն են ունենալու մեկ պետական մարմնի հետ եւ ստիպված չեն լինելու ընկնել բյուրոկրատական քաշքշուկների մեջ»:
Սահմանների բարեփոխման շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են. «Երկու տարի հետո նոր սահման կունենք: Դուք տեսել եք Վրաստանի սահմանը: Մեր սահմաններն էլ լավագույն եվրոպական չափանիշներին համապատասխան սահմաններ են լինելու»,-վստահեցրեց պարոն Բաղդասարյանը:
Ծրագրի մանրամասները` նիստը վարող Ա. Բաղդասարյանի կողմից` տեսանյութում.
Կարդացեք նաև
Արթուր Բաղդասարյանը միջգերատեսչական հանձնաժողովի նիստում գերատեսչությունների ներկայացուցիչներին հորդորեց յուրաքանչյուրն իր կառույցի մասով ներկայացնել անելիքները եւ խնդիրները, եթե այդպիսիք կան:
Սահմանապահ զորքերի հրամանատար Արմեն Աբրահամյանն ասաց, որ մինչեւ նոր անցման կետերը չկառուցվեն` մինչեւ մեկ պատուհան ծրագրի ներդրումը շատ դժվար է լինելու: Պետք է բոլոր գերատեսչությունները հավաքվեն մեկ տանիքի տակ, որ իրականացնեն դա: Ի պատասխան, պարոն Բաղդասարյանն ասաց, որ «հենց այդպես էլ արվելու է»: Մյուս պաշտոնյաների ելույթները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ