Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Ցավում եմ, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Որևէ մեկը իրավունք չունի ՀՀ քաղաքացու հետ անհարգալից վերաբերվել»

Հուլիս 16,2013 13:20

«Մենք ոչ թե կամ-կամ-ի, այլ և-և-ի կողմնակից ենք: Մենք ոչ եվրոպամետ ենք, ոչ էլ ռուսամետ, մենք հայաստանակենտրոն ու հայաստանամետ ենք»,-ՀՀ ԱԺ-ի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Մինսկում տեղի ունեցած նիստի աշխատանքներն ամփոփելով՝ այսօր այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ-ի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, արդյոք նիստի ընթացքում քննարկվե՞լ են ՀՀ-ի՝ Եվրասիական և Մաքսային միությունների անդամագրման հարցերը:

Նա նշեց, որ Մինսկում անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական և մշակութային խնդիրների:

Խոսելով ադրբեջանական կողմի դիրքորոշման մասին, պարոն Շարմազանովն ասաց. «Ադրբեջանական կողմի սանձարձակ սպառազինությունների մրցավազքը անընդունելի է և լուրջ մարտահրավեր՝ տարածաշրջանային կայունության համար»:

Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստի վերաբերյալ հարցին էլ պարոն Շարմազանովն այսպես պատասխանեց. «Կապ եմ հաստատել մեր գործընկերների հետ: ԱԳՆ-ն զբաղվում է այդ հարցով, փաստաբանի հետ ենք փորձել կապվել: Տեղի է ունեցել դժբախտ դեպք, եթե մեղավոր է, պիտի պատժվի: Որպես ՀՀ քաղաքացի և իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ կարծում եմ, որ որևէ մեկը իրավունք չունի ՀՀ քաղաքացու հետ անհարգալից վարվել: Ցավում եմ, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել, որևէ մեկը իրավունք չունի ՀՀ քաղաքացու հետ անհարգալից վերաբերվել: Չեմ ցանկանում գույները շատ խտացնել, քանի որ երկու դեպքում էլ դա վտանգավոր է: Պիտի կարողանանք այս հարցում սթափ մտածողություն ցուցաբերել»:

Բելառուսի նախագահի որդու՝ ՀՀ պետբյուջեի գումարներով Երևանում զվարճանքների կազմակերպման փաստին վերաբերող հարցին էլ Էդ. Շարմազանովը կոնկրետ պատասխան չտվեց՝ նշելով, որ դա իր լիազորությունների շրջանակներում չէ:

Պռոշյանի գյուղապետի ընտրության, փող բաժանելու և սկանդալի մասին պարոն Շարմազանովը նշեց. «Փող բաժանելու մասին պարոն Սահակյանը հստակ և ամբողջական կարծիք հայտնել է: Որևէ մեկը չի ասել ու չի կարող ասել, որ մեր երկրում ընտրություններն իդեալական են: Մենք պիտի քայլ առ քայլ ձգտենք, որ ընտրությունների, քաղաքական մշակույթի որակը բարձրանա: Եթե որևէ մեկը փաստ ունի, որ որևէ քաղաքացի օրենք է խախտել,ապա բոլոր քաղաքացիներին խնդրում եմ կոնկրետ դիմել իրավապահներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանուշ Խառատյան says:

    ”կարծում եմ, որ որևէ մեկը իրավունք չունի ՀՀ քաղաքացու հետ անհարգալից վարվել: Ցավում եմ, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել, որևէ մեկը իրավունք չունի ՀՀ քաղաքացու հետ անհարգալից վերաբերվել”: Շարմազանովի այս հայտարարությունն անելուց հետո վստահություն է առաջանում, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանն արդեն օգնության ձեռք է մեկնե ՀՀ քաքաղացուն և ՛՛սաստել՛՛ է նրան վիրավորող ՛՛որևէ մեկին՛՛… Անկասկած, Հրաչ Հարությունյանից արդեն ներողություն են խնդրել և ամեն կերպ ջանում են, որ նրա ապրած նվաստացման դառնությունը նվազի: Պետք է ենթադրել, որ ՀՀ դեսպանը մասնակցել է նախքննությանը և, իհարկե, բարձրաձայնել է, որ այդ հոգեվիճակում գտնվող մարդուն հապճեպ և անպատրաստ դատարան բերելը անմարդկային և անիվարական է: Կասկած չի կարող լինել, որ մեր դեսպանը Ռուսաստանում լրատվամիջոցներով հայտարարել է, որ չի կարող վստահել այն դատարանին, որի դատախազը թույլ է տվել մարդուն այդ վիճակում հիվանդանոցից ուղիղ դատարան տանել…իհարկե տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալ Շարմազանովի կարծիքով ,՛՛ որևէ մեկը իրավունք չունի ՀՀ քաղաքացու հետ անհարգալից վերաբերվել” : Պետք է ենթադրել, որ նրան ասել են, որ դա ՛՛որևէ մեկը՛՛ չէ, այլ՝ Ռուսաստանի դատարանն է… Դե, մեր դեսպանն էլ գլխիկոր ետ է վերադարձել Շարմազանովին հաղորդելու, որ ՛՛որևէ մեկը իրավունք չունի՛՛, բայց Ռուսաստանը իրավունք ունի… վիրավորել ում ուզի, երբ ուզի, ոնց ուզի, բան ունեք ասելու? Այո,-հավանաբար ասել է մեր դեսպանը,-ներողություն, Ռուսատան:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031