«Վերջին տարիների ընթացքում զգալի տեղաշարժեր են եղել Հայաստան-ԵՄ հարաբերություններում, ինչին Լիտվան նպաստել է»,- այսօր «Լիտվայի առաջիկա նախագահության շնորհանդես`Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Արեւելյան գործընկերության գերակայությունները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ-ում Լիտվայի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Դեսպանը վստահ է, որ այդ ջանքերը հնարավորություն կտան վիլնյուսյան գագաթաժողովում Արեւելյան գործընկերության շրջանակը ընդլայնելու:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր խոսքում նկատեց, որ ԵՄ-ում Լիտվայի նախագահությունն այն ժամանակ է, երբ «Եվրոպան մեծ խաչմերուկում է», ուստի այս նախագահությունն, ըստ նրա պարտավորեցնող է: Հրիստեայի կարծիքով առաջիկա ամիսներին իր նախագահության ընթացքում Լիտվայի խնդիրը պետք է լինի «բաց եւ աճող» Եվրոպա ստեղծելը: «Մենք ակնկալում ենք, որ Վիլնյուսում բավականին խորը գագաթաժողով կլինի եւ բոլոր գործընկերները կհասկանան, որ ԵՄ-ն լուրջ եւ խորը տրամադրություններ ունի: Կարեւոր է, որ մենք բաց չթողնենք այն, ինչ որ կարող է տալ Վիլնյուսի գագաթաժողովը»,- ասաց դեսպան Հրիստեան`հավելելով, որ նոր պայմանագրերը պարտավորություններից բացի կարող են միեւնույն ժամանակ շրջադարձային լինեն մեր ճակատագրի համար:
«Հայաստանը բանակցություններում բավականին առաջընթաց ունի»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը`հղում անելով ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի`Երեւանում արած այն հայտարարություններին, որ Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգում կարեւոր են կոռուպցիայի դեմ պայքարը, դատաիրավական համակարգի անկախությունը եւ ընտրական գործընթացներում առավել թափանցիկությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ