Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում կայացրած որոշման համաձայն՝ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրությունն անցկացվելու է սեպտեմբերի 29-ին:
Նշենք, որ մինչ այժմ այս տարածաշրջաններից պատգամավոր էր ընտրվել Վահե Հակոբյանը, որն այժմ ստանձնել է Սյունիքի մարզպետի պաշտոնը:
Թեկնածուների առաջադրումը կարվի օգոստոսի 5-15, իսկ տարածաշրջաններում թեկնածուների քարոզարշավի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 1-ից:
Այս պահին պատգամավորների թեկնածուների անուններ դեռեւս հստակ չեն արծարծվում:
Ագարակի համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե Ագարակ քաղաքից կա՞ն պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացողներ: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը փոխանցեց, որ Ագարակ համայնքում պատգամավորի հարմար թեկնածու որպես այդպիսին այս պահին չկա եւ հավելեց, որ պատգամավոր լինելն ինքնանպատակ չէ: «Պատգամավոր պետք է առաջադրվի այնպիսի անձնավորություն, որը խոսք ունենա ասելու: Մեծամասնականով ընտրված պատգամավորին այլ աչքով եմ նայում, քան համամասնականով: Նա մարզպետին նաեւ ինչ-որ տեղ օգնական պետք է լինի՝ տնտեսությունը զարգացնելու եւ ժողովրդի լեզվով ասած՝ մատից փուշ հանելու առումով, որովհետեւ խնդիրները շատ-շատ են եւ մի հոգու աշխատանքով հնարավոր չէ արդյունքի հասնել: Այլ պետք է մարզպետը, պատգամավորները, համայնքապետերը բոլորը միահամուռ լինեն աշխատանքների իրականացման հարցում: Այս ամենը նկատի ունենալով ասում եմ, որ այս պահին մեր համայնքում չեմ տեսնում հարմար թեկնածու, բայց իշխանությունը, կուսակցությունը, մարզի ղեկավարությունը, համոզված ենք, արժանի թեկնածու կգտնի», – ասաց Մխիթար Զաքարյանը եւ համոզմունք հայտնեց, որ թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուն նորից կընտրվի եւ ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը չի խախտվի:
Իսկ մեր այն հարցին, թե ինչպե՞ս կարձագանքեն Ագարակում, եթե այնուամենայնիվ, այլ կուսակցության թեկնածուն անցնի առաջիկա ընտրություններում, պարոն Զաքարյանը պատասխանեց, որ ամեն դեպքում, ՀՀԿ-ի որոշումը լինելու է որոշիչ՝ ով էլ որ ընտրվի: «Ես իմ համայնքի մասով ասեմ, որ Ագարակում մեր կուսակցության թեկնածուն է ընտրվելու: Դա պայմանավորված է մեր անցած ճանապարհի, այս վերջին 4-5 տարիների կատարած աշխատանքների, մեր թիմի, քաղաքապետարանի, համայնքի ղեկավարի հանդեպ ունեցած ժողովրդի վստահությամբ: ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը Ագարակում 82 տոկոս ձայն էր հավաքել: Ագարակը համախմբված համայնք է այսօր եւ դա ապացուցում է վերջին մոտ մեկ տարում անցկացված ընտրությունների արդյունքները: Ամբողջ հանրապետությունում ՀՀԿ թեկնածուն՝ թե՛ նախագահի, թե ԱԺ-ի, թե համայնքի ղեկավարի ընտրություններում, Ագարակում հավաքել է ամենաբարձր տոկոսը», – նշեց հանրապետական քաղաքապետը:
Ագարակում այժմ ապրում է 5500 բնակիչ, որից ընտրելու իրավունք ունի 3600-ը՝ առանց զինվորականների:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ագարակի ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ասածը հակասահմանադրական է,որի համար քրեական գործ պիտի բացել իր դեմ: Նա առավելագույնը կարող է ասել, որ ինքը ԿԱՐԾՈՒՄ կան ԵՆԹԱԴՐՈՒՄ է որ, իր ասած՝ « Ագարակում ընտրվելու է պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածուն»:
Քվեարկությունը ԳԱՂՏՆԻ է. ինչի ինքը նախօրոք արդեն գիտի՞
գաղտնիքը /արդյունքը:
Լավ լուր՝ «քաղաք» Ագարակում կարծես հիմա, օրը ցերեկով, իրար փողոցում ավտոմատներով չեն գյուլում: