«Լիտվան ԵՄ առաջատար այն երկրներից է, որը շատ լուրջ է մոտենում Արեւելյան գործընկերության ծրագրին: Լիտվայի նախագահությունը Հայաստանի համար շատ կարեւոր է, քանի որ Լիտվան շահագրգռված է, որ Արեւելյան երկրների, հարեւանների հետ ԵՄ-ն ակտիվ աշխատի: Դա մեզ ձեռնտու է: Ու մինչեւ վիլնյուսյան գագաթաժողովը, այս գործընթացի ակտիվացումը կապված է նաեւ ԵՄ-ում Լիտվայի նախագահության հետ»,- այսօր «Լիտվայի առաջիկա նախագահության շնորհանդես`Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Արեւելյան գործընկերության գերակայությունները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Քննարկումը կենտրոնի եւ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպանատան համատեղ նախաձեռնությունն էր: Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին, Վիլնյուսում Արեւելյան գործընկերության երրորդ գագաթաժողովն է լինելու, որտեղ նախատեսվում է, որ Հայաստանը կստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ազատ, խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագիրը:
Նախօրեին Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ով համակարգում է ԵՄ արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումը, մտահոգություն էր հայտնել այն մասին, որ ԵՄ-ի հետ բանակցությունների կետերը չեն հրապարակվում: Այս առիթով Aravot.am-ի հարցին պատասխանելով, Ստեփան Գրիգորյանն ասաց, որ եթե բանակցող կողմերից մեկը չի ցանկանում, որ մինչ բանակցությունների ավարտը հրապարակվեն բանակցության առարկա կետերը, նորմալ է, քանի որ բանակցությունների ընթացքում շատ բան փոփոխությունների է ենթարկվում: «Հենց բանակցային գործընթացն ավարտվի եւ նախափաստաթուղթ լինի, պարզ է, այն պետք է հրապարակվի: Ես չեմ կարծում, որ մինչ բանակցային գործընթացի ավարտը ճիշտ է փաստաթղթի հրապարակումը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Մեր հարցին էլ`գուցե կասկածելի բանե՞ր կան, հավաստիացրեց, որ որեւէ կասկածելի բան չկա ու բանակցությունների ավարտից հետո դա ակնհայտ կդառնա: Ավելին, այն գլխավոր կետերը, որոնք կան Ասոցացման համաձայնագրում եւ որի մասին բոլորը գիտեն`առեւտրատնտեսական, վիզային ռեժիմի դյուրացման եւ այլն, ըստ մեր զրուցակցի, բխում եմ մեր շահերից: «Մեծ մտավախություն պետք չէ ունենալ, բայց լավ է, որ հասարակությունը ցանկանում է կարդալ այդ փաստաթուղթը»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ