Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտերկրի և հայ գիտնականների «դեմառդեմ» շփում՝ Ամերիկյան համալսարանում

Հուլիս 16,2013 12:02

Հայաստանի ամերիկյան Համալսարանում մեկնարկել է վերցօրյա միջազգային համաժողով, որին մասնակցում են աշխարհի 20 երկրներից 60 գիտնականներ: Հայաստանում են գտնվում Անգլիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի և այլ երկրների լավագույն համալսարանների ականավոր գիտնականներ ֆիզիկայի, հաշվողական համակարգերի, գիտության և այլ ոլորտներից: Բացի այն, որ համաժողովի ընթացքում աշխարհի տարբեր երկրների գիտնականները հնարավորություն կունենան շփվել միմյանց հետ, փոխանակել իրենց փորձն և գիտելիքները, միևնույն ժամանակ Ամերիկյան, այնպես էլ ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ հնարավորություն կունենան ունկնդրել ականավոր գիտնականների դասախոսությունները:

Ամերիկայի Նորթ Դովատա պետական համալսարանը ներկայացնող Ալեքսանդր Վագները, որն ուսումնասիրություններ է կատարում կաթիլների փոխգործության, տաք ու սառը օդի, հեղուկ դինամիկ միջավայրների վերաբերյալ, կարևորեց նման համաժողովների կազմակերպումը և նշեց. «Շնորհակալ եմ, որ մեզ հրավիրել են այս գեղեցիկ երկիր, այն ինձ շատ է դուր գալիս: Այսպիսի գիտաժողովների կարևորությունն այն է, որ գիտնականներն իրար հանդիպում են և զրուցում, փոխանակում մտքեր: Անշուշտ, գիտնականները միշտ էլ հոդվածներ կարող են տպագրել ամսագրերում, բայց դա նույնը չէ, ինչ դեմառդեմ հանդիպելն ու գաղափարներ փոխանակելը: Նմանօրինակ համաժողովները նաև լավ առիթ են հայ գիտնականների հետ հանդիպելու համար, քանի որ նրանց հետ նմանօրինակ շփումներ առանձնապես շատ չենք ունեցել»:

Aravot.am-ը Հայաստանում Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանից հետաքրքրվեց՝ հայ գիտնականների հետ հանդիպումների կազմակերպման առումով խնդիրներ կա՞ն, որ արտերկրից ժամանած գիտնականը հատուկ շեշտեց այդ հանգամանքը: Նա պատասխանեց. «Բնավ որևէ խնդիր չկա, քանի որ ամեն երկրում, որտեղ կազմակերպվում են այսպիսի գիտաժողովները, նույն բավարարվածությամբ են տեղի գիտնականները արտերկրի մասնագետների հետ շփվելու հնարավորությունը վայելում: Նման ցանցային աշխատանքը ամենուր նույնն է»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են ցույց տալիս արտերկրի մասնագետների հետ շփումները, արդեն ուրվագծվու՞մ են գիտության բնագավառի ներկայիս առաջնահերթությունները: Բ. Պողոսյանը պատասխանեց. «Սեպտեմբերից Ամերիկյան համալսարանում սկսելու ենք հաշվողական գիտությունների բնագավառում բակալավրիատի ծրագրի իրականացումը, որը թույլ կտա գիտության ավանդական ուժեղ կողմերը համադրել նորագույն ուղղությունների հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031