Հատված Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հարցազրույցից:
– Ինչո՞ւ Մոլդովայի օմբուդսմենի հայտարարությունը մեկնաբանվեց իբրև խավիարասիրության հերթական դրսևորում, գուցե նա իսկապես համոզմունք էր հայտնում։ Դա մեզ համար հեշտ ճանապարհ չէ՞՝ պիտակավորել հակափաստարկի փոխարեն։
– Ես կողմնակից չեմ աշխարհում կատարվող ամեն ինչ բացատրել փողով ու առուծախով։ Ոչ ոք չի ժխտում, որ Ադրբեջանը փողի գործոնը սիրով ու հաճախակի օգտագործում է, բայց հասկանանք՝ այս դեպքում ինչ կատարվեց։ Այդ հայտարարությունը հնչեց ոչ թե Շվեդիայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, այլ հայոց խորհրդարանում ասվեց, որ Խոջալուն ադրբեջանցիների ցեղասպանություն էր։ Այդ բացարձակ անհեթեթությունը հնչեց հայոց խորհրդարանի կամարների տակ և արժանացավ այլ երկրների ներկայացուցիչների ծափերին։ Այսինքն՝ բոլոր ծափահարողները ծախվա՞ծ էին։ Ես կարծում եմ, որ նրանք պարզապես միակողմանի տեղեկացված էին, իսկ դա նշանակում է, որ ակտիվ չեն աշխատում Հայաստանի խորհրդարանը, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, սահմանադրական այլ ինստիտուտներ։
– Հայ դիվանագիտության բացթողո՞ւմն էր։
Կարդացեք նաև
– Չխառնենք պաշտոնական դիվանագիտությունը և ժողովրդական դիվանագիտությունը։ Արտաքին գործերի նախարարությունն էլ պետք է ակտիվ աշխատի, բայց սա ԱԳՆ-ի հարցը չէր, սա խորհրդարանական դիվանագիտության թերացումն էր, օմբուդսմենի ինստիտուտի, որովհետև իրենց գործընկերն էր ելույթ ունեցողը, և ծափահարողներն էլ իրենց գործընկերներն էին։ Սուտ էլ կա, սուտ էլ։ Խոջալուն որակել ցեղասպանություն՝ սուպերսուտ է, բայց երբ այդ սուպերսուտը հնչում է հայոց խորհրդարանում, նշանակում է՝ աշխատանք չի տարվել նախապես, խորհրդաժողով են կազմակերպել ու նույնիսկ չգիտեն՝ ում են հրավիրել, բարեկամի՞, թշնամո՞ւ, ի՞նչ սպասել, ինչի՞ պատրաստ լինել։ Ի վերջո, այդ կինն իր կարծիքն ասաց, որին պարտավոր էր արձագանքել խորհրդարանի նախագահը, պարտավոր էր հերքել հակափաստարկներով։
– Փոխնախագահը արձագանքեց։
– Այո, բայց դա ընթացիկ ֆորմալ պատասխան էր։ Խոջալուի հետ կապված տասնյակ փաստարկներ կան, շատ ակտիվ մարդիկ կան Հայաստանում, որ զբաղվել են այդ հարցով, ֆիլմ կա նկարված, թող բարի լինեին հրավիրել այդ մարդկանց, թող ձև գտնեին այդ ֆիլմը ցուցադրելու։ Մենք մշտական պատերազմի մեջ ենք՝ տեղեկատվական, գաղափարախոսական, հոգեբանական, որին պետք է պատրաստ լինենք։ Մենք գտանք հեշտ ձևը՝ ծաղրել Մոլդովայի օմբուդսմենին, որակումներ տալ՝ Ադրբեջանի բարեկամ և այլն։ Բազմաթիվ մարդիկ կան, որ Հայաստանի բարեկամ են, ուրեմն Ադրբեջանում նրանց պիտի որակումնե՞ր տան:
– Մոլդովական կողմն էլ արձագանքեց, որ տիկնոջ տեսակետը պաշտոնական չէ, այլ անձնական կարծիք է։
– Այնքան էլ այդպես չէ։ Այս աննախադեպ սկանդալն ակնհայտ դարձրեց, որ մեր խորհրդարանը բավարար չափով չի օգտագործում խորհրդարանական դիվանագիտության իր հնարավորությունները, անհրաժեշտ աշխատանք չի կատարում խորհրդարանական բարեկամության խմբերի մակարդակով։ Այդ պայմաններում չի բացառվում, որ նման դեպքեր վերստին կարող են լինել, եթե անհրաժեշտ եզրակացություններ չարվեն։
Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում