Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Ռուսաստանը վաճառել է և պետք է վաճառի»

Հուլիս 16,2013 11:33

Հատված ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցազրույցից:

ԵՄի հետ ՀՀի հարաբերությունների ջերմացմանը խանդով է վերաբերվում Ռուսաստանը, ու Ադրբեջանին զենք վաճառելու փաստը շատերը գնահատում են որպես ճնշում ՀՀ-ի հանդեպ։ Ի վերջո, Ռուսաստանը կկարողանա՞ ելքի վրա ազդեցություն ունենալ, այդքան լծակ ունի՞։

– Ինձ դժվար է ճշգրիտ գնահատական տալ, որովհետև տեղեկացված չեմ։ Իմ գնահատականներից մեկն այն է, որ դա Ռուսաստանին դուր չի գալիս, բայց չեմ բացառում նաև, որ դա Ռուսաստանի հետ պայմանավորված է արվում։ Ես չգիտեմ՝ Ռուսաստանի իրական վերաբերմունքը ոնց է, բայց ավելի շուտ հակված եմ կարծելու, որ Ռուսաստանը դրանից գոհ չի։ Ռուսաստանն ունի սցենար՝ Մաքսային միություն, որից հետո անպայման կլինի Արժութային միությունը, որտեղ ռուբլին կդառնա միասնական արժույթ։ Մենք սա պետք է հասկանանք։

Հայաստանն արել է տարբեր հայտարարություններ՝ մեկ ասել են՝ ոչ, մեկ ասել են՝ այո։ Պարզապես հասկանանք, որ այս պահին խոսքն Ասոցացման համաձայնագրի մասին է, որի հիմնական կետերը դեռևս չեն կարող բացասական ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Այլ հարց է, որ ասոցիացումից հետո գալիս է մյուս փուլը՝ դառնո՞ւմ ենք ԵՄ անդամակցության թեկնածու, թե՞ ոչ։ Այս հարցը չի կարող լուծվել առանց վերջնականապես ՌԴ-ի հետ ճշտելու հարաբերությունները, որովհետև ՌԴ-ի հետ կա ռազմավարական գործընկերություն, ՀՀ տարածքում կա ռուսական զորք։ Սա կնշանակի՝ կրակի հետ խաղալ։ Ռուսներն էլ պետք է հասկանան, որ երբ ասում ենք՝ Հայաստան, ապա Ղարաբաղը հետներս է։ Նաև նախագահական ընտրությունների ժամանակ ասել եմ, որ հասել է պահը՝ նման կարևորագույն հարցերը հանրաքվեի դնելու համար։ Կարծում եմ, որ չէր խանգարի մեր իշխանությանը հիշեցնել, որ հանրաքվեի հնարավորություն կա։ Չեխիայում տարեկան մի քանի հանրաքվե է արվում, ժողովրդի կարծիքն են հարցնում։ Ժողովրդի վերաբերմունքը միայն կուժեղացնի և փաստարկ կլինի ինչպես՝ ՌԴ, այնպես էլ՝ ԵՄ անդամների հետ բացատրվելիս։

Ռուսական կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին ինչպե՞ս եք գնահատում։

– Ես հանգիստ եմ վերաբերվում դրան։ Ռուսաստանը վաճառել է և պետք է վաճառի։ Այլ հարց է, որ Հայաստանը պետք է բողոքի, փորձի հասկանալ՝ որտե՞ղ է ռազմավարական գործընկերոջ հասկացությունը։ Հավանաբար, ՌԴ-ն կարող է ասել՝ բա, ռազմավարական գործընկեր, դու ի՞նչ գործ ունես՝ Ասոցացման համաձայնագիր ես ստորագրում։ Բայց ես չեմ տիրապետում ՀՀ և ՌԴ ղեկավարների շփումների դետալներին և չէի վերցնի պատասխանատվություն՝ նման հայտարարություն անելու։ Չի բացառվում, որ ՀՀ-ն, այնուամենայնիվ, ուզում է դառնալ Ասոցացման համաձայնագրի անդամ, և տառացիորեն վստահ եմ, որ ՀՀ-ն չի գնա ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացման որևէ գնով, և, եթե հանկարծ Ասոցացման

համաձայնագրի շրջանակներում հարաբերությունները խորանան, որ

խանգարեն Ռուսաստանին, ՀՀ-ն չի գնա դրան։

Բայց ես նորից եմ ուզում ասել՝ նախագահը կամ վարչապետը չեն որոշում նման հարցերը, կա հանրաքվեի հնարավորություն։ Հայ-ռուսական հարաբերություններն այս պահի դրությամբ ռազմավարական բնույթ ունեն, և, նույնիսկ, եթե մենք որոշում ենք դառնալ ԵՄ անդամ, դա պետք է անել ռուսների հետ հարաբերությունները ճշտելուց հետո՝ չառաջացնելով այն, ինչ տեղի ունեցավ 1918-19 թթ.-ին։ Այդտեղ պետք է համարձակություններս բավարարի, ու մեր կամքը թելադրենք՝ առանց վախենալու:

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031