Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեր թղթակցի հետ զրույցում փոխանցել է, որ ներքաղաքային երթուղիները սպասարկող տարբեր տնտեսվարողներ ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետարան ներկայացրած իրենց հայտերում առաջարկել են ուղևորափոխադրումների գինը սահմանել 160-200 դրամ։ Քաղաքային իշխանությունները, սակայն, մերժում են 100 տոկոսով թանկացումը։ «Հավանական է, որ դա կլինի 50 տոկոսով»,- ասել է Արթուր Գեւորգյանը։ Նաեւ հավելել. «Մենք պնդում ենք, որ լինի մեկ ընդհանուր գին Երեւանի համար»։ Ասել է թե՝ չի լինի այնպես, որ ավտոբուսի համար մի ուղեվարձ սահմանվի, միկրոավտոբուսի համար՝ մեկ այլ։
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրատվամիջոցներից մեկին օրերս տված հարցազրույցում մանրամասնել էր, որ ուղեվարձի թանկացումը «կլոր» է լինելու, որպեսզի վարորդները մանրը վերադարձնելիս չդժվարանան, հերթեր չգոյանան եւ այլն։ Այսինքն՝ քաղաքապետարանը չի քննարկում ուղեվարձը, ասենք, 130, 140, 170 դրամ դարձնելու տարբերակը։ Իսկ քանի որ 100 տոկոս թանկացումն արդեն իսկ բացառվել է, ստացվում է, որ քաղաքապետարանը մտադիր է ուղեվարձը բարձրացնել «կլոր» 50 տոկոսով՝ հասցնելով 150 դրամի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում