Ուրեմն` «եւ-եւ», ոչ թե` «կամ-կամ»: Հասկանալի է, որ ոմանց Հայաստանում պետք է, կոնկրետ ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ տեղում լինել, հասկանալի է նաեւ, որ նրանք պատրաստ են իրենց նպատակին հասնելու համար բարձրաձայնել, թե իրականում ո՞վ է Ռուսաստանը կամ Եվրոպան, հասկանալի է, որ այս մարդիկ ուղղակի չգիտեն կամ գիտեն, պարզապես չեն խոսում այն մասին, որ Ռուսաստանն ու ԵՄ առանցքային ու հիմնադիր անդամ Ֆրանսիան, օրինակ, լուրջ ռազմավարական գործընկերներ են, հետեւաբար, ինչպես Երեւանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն օրերս հայտարարեց. «Ասոցացման համաձայնագիր ստորագրելով` ԵՄ-ի հետ որեւէ կերպ չեն խոչընդոտվում Հայաստանի հարաբերություններն այլ` ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ»: Իհարկե, Լեհաստանի նախագահն էլ այլ բան է ասում, բայց, կներեք, դա Լեհաստանի նախագահն է ասում, երկիր, որը ոչ միայն միացյալ Եվրոպայում առանցքային դերակատարում չունի, գրեթե ազդեցություն չունի Եվրոպայի տնտեսական ու առհասարակ քաղաքականության որոշման ու իրագործման վրա, այլեւ երկիր, որը Ռուսաստանի հետ ունի բավականին կնճռոտ հարցեր` էլ ավելի կնճռոտ համատեղ անցյալից եկող:
Հայաստանի քաղաքացուն պետք չէ բացատրել, թե ինչ, կամ ով է Ռուսաստանն ու ինչ կամ ով է Եվրոպան. Հայաստանի քաղաքացու համար առաջինում ավագ որդին է, երկրորդում` կրտսերը կամ հակառակը: Սրանից ավելի նա ոչինչ չի ցանկանում հասկանալ: Մեր ժողովուրդն անգամ անկախությունը չհասկացավ, չհասկացավ, որ դա, ինչպես եւ պարսիցը, ինչպես բյուզանդականը, ինչպես թուրքականն ու նաեւ ռուսականը, իրականում լուծ է, բայց ավելի շատ` պատասխանատվություն: Մեր քաղաքացին ոչ թե ցանկանում է ընտրել Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ, այլ պարզապես ցանկանում է պահել իր տունը, որը լքում են հարազատները, որը եվրոպատուհաններով է եւ որը տաքացվում է ռուսական գազով:
Ի վերջո, եթե մոնղոլ ժողովուրդն այսօր էլի Չինգիզ խան ծնի, որը բոլոր մոնղոլներին կբերի եւ կբնակեցնի Եվրոպայի կենտրոնում, դրանից մոնղոլները եվրոպացի չեն դառնա: Կամ երբ արաբական երկրներից ու Աֆրիկայից ներգաղթյալները սկսում են ավելի շատ երեւալ Փարիզի ու Լոնդոնի փողոցներում, դրանից նրանք փարիզցիներ ու լոնդոնցիներ չեն դառնում: Առհասարակ «եվրոպացի» չի լինում, որովհետեւ Եվրոպայում ապրում են հույներն ու շվեդներըՙ օրինակՙ նաեւ թուրքերը, ի դեպ:
Լինում են ազգություններ, որոնցից մեկն էլ հայերս ենք, որ ապրում ենք Եվրոպայի ու Ասիայի սահմանագծին, հետեւաբար մեր հարաբերությունները Եվրոպայի ու Ասիայի հետ պետք է լինեն սահմանագծային:
Կարդացեք նաև
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ«Ազգ» թերթի այսօրվա համարում