Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում շախմատիստները երեկ ավարտեցին պայքարը: Նախավերջին տուրից հետո հավասար միավորներով չեմպիոնի կոչմանը հավակնում էին միանգամից վեց շախմատիստներ, որոնց թվում էր նաեւ Զավեն Անդրիասյանը: Հենց նրանք էլ միմյանց միջեւ եզրափակիչ տուրում պիտի որոշեին հաղթողին:
Սակայն բոլորն էլ պարտիաներն ավարտեցին ոչ ոքի՝ իրենց անվան դիմաց գրանցելով 6,5-ական միավոր: Ավելին, նրանց հավասարվեցին եւս երեքը: Եվ լրացուցիչ գործակիցների հաշվարկով հայ գրոսմայստերն արժանացավ արծաթե մեդալի՝ ոսկին զիջելով ֆիլիպինցի Վոսլի Սոին: Հայաստանի երկրորդ մասնակիցը՝ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, չնայած վերջին տուրում հաղթանակ տարավ, սակայն 6,0 միավորով եզրափակեց առաջատարների տասնյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ