Հուլիսի 20-ին Դետրոյթում կանցկացվի հայկական ամենամյա 6-րդ փառատոնը, այս մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչներ՝ Դետրոյթի հայկական փառատոնի կոմիտեն եւ «Վարդանի ասպետներ» կազմակերպությունը: Գրում է «Հոումթաուն լայֆ» պարբերականը:
Փառատոնը կբացվի Հայաստանի եւ ԱՄՆ-ի հիմներով, որը կկատարի Ռուբիկ Մալյանը, ով Սաութֆիլդ քաղաքի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու նվագախմբի ղեկավարն է:
Փառատոնի ժամանակ կներկայացվի հայկական մշակույթը՝ խոհանոցը, երաժշտությունը, ոսկերչությունը, արհեստն ու արվեստը, եւ այլն:
Միջոցառման առանցքային մասը կլինի «Արաքս» պարային խմբի ներկայացումը: Խումբը բաղկացած է տեղի հայ երեխաներից, որոնք հայկական պարեր են սովորում եւ արդեն հասցրել են ճանաչում ձեռք բերել քաղաքում: Պարբերականը նշում է, որ սա Դետրոյթում անցկացվող առաջին ազգային փառատոնն է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ