Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ներկայացման մեջ նմանակումների տեսքով չկա ո’չ Ր. Հովհաննիսյանը, ոչ Ս. Սարգսյանը, բայց խոսքի մեջ կա». Վարդան Պետրոսյան

Հուլիս 15,2013 20:20

«Ամեն երկուշաբթի» ինձ համար շատ պատահական փնտրված եւ գտնված վերնագիր է: Երկուշաբթի թատրոնի օր չէ, իսկ ես ամեն երկուշաբթի ստիպված էի լինում խաղալ ներկայացում եւ հասկացա, որ երկուշաբթին շատ լավ օր է»,-այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը, հավելելով, որ վերնագիրն օգտագործվում է նաեւ որպես գովազդ, քանի որ մարդիկ ներկայացման օրերը հաճախ մոռանում են, իսկ այս դեպքում մոռանալը գրեթե ահնար է:

Ըստ դերասանի՝ այս անգամ շատ ավելի լավ է տեսնում մարդկանց հոգեբանությունը, կլինեն մի շարք անակնկալներ եւ երաժշտական համարներ, որոնց անդրադառնալ առայժմ չցանկացավ, իսկ ներկայացումներում փոփոխություններ մինչեւ տարվա վերջ կլինեն, քանի որ վերնագիրը թույլ է տալիս:

Նրա խոսքով` անհնար է չանդրադառնալ այսօրվա մեր հոգսերին, մեր գործերին, իսկ հակառակ դեպքում, այն կդիտարկվի որպես փախուստ: «Ինչպես կարող եմ չխոսել, բայց այս անգամ ես զարմանալի ձեւ եմ գտել դա ներկայացնելու: Այսօր մարդիկ քաղաքականությունից այնքան են հոգնել, որ չեն ուզում անգամ քաղաքական գործչի դեմքը տեսնել: Ներկայացման մեջ չկա մի բառ, որ մեզ չի վերաբերում, որտեղ կան մի շարք անակնկալներ: Դրամատուրգիան մի փոքր այլ է ստացվել, որն այդպես էլ ուզում էի»:

Վերջինս իրեն համարում է ամենաբախտավոր եւ ամենաերջանիկ արտիստը. «Իմ ներկայացումները կյանքից փախած չեն, կյանքից հեռու չեն: Իմ ներկայացումները կյանքից են բխում, սրտից են բխում: Իմ ներկայացման մեջ նմանակումների տեսքով չկա ո’չ Ր. Հովհաննիսյանը, ոչ Ս. Սարգսյանը, բայց խոսքի մեջ կա»,-ասաց նա:

Վարդան Պետրոսյանը ներկայացման հետ մեծ հույսեր է կապում, կարծելով, որ եթե ամեն բան ստացվի, մենք կունենանք, ոչ թե մշակութային հաղթանակ, այլ հոգեւոր: «Հիմա այն ինչ խաղում եմ, ես մեծ սիրով եմ խաղում. ելքը ելք փնտրելու մեջ է»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին`դերասանն ասաց. «Հասարակության մեծ մասն ընկավ հերթական հուսախաբության մեջ, որի արդյունքում մենք այսօր տեսնում ենք մեծ արտագաղթը, որը եւ սպասում էինք: Եթե ես չեմ սխալվում` անգամ թվերը գերազանցում են սպասումներին»,-ասավ նա, հավելելով, որ ամեն բան պետք է արվեր, որ համախմբվեին բոլոր քաղաքական ուժերը: «Ես, համենայնդեսպ, գոնե հավատում էի դրան եւ հույս ունեի, որ դա կլինի: Գուցե մարդկայնորեն կամ միամտաբար, բայց հույս ունեցել եմ, որ մարդիկ կկարողանան համախմբվել: Այո, ես եղել եմ «Ազատության» հրապարակում, նվագել եմ ուսանողների համար, բայց ավանդույթը պահելու համար: Ասելիքս այն էր, որ պետք է հայի գլուխը միշտ բարձր լինի»,-ընդգծեց դերասանը:

«Ամեն երկուշաբթի» ներկայացումը հուլիսի 29-ից կլինի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031