Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում քննվեց «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի կողմից հուլիսի 3-ին ԿԸՀ ներկայացված դիմումը:
Դիմումով տեղեկացվում է, որ Պետրոսյանի կողմից ԿԸՀ-ին թիվ 2, 4, 5, 6, 7, 8, 9,10 եւ 13 ՏԸՀ-ներին ուղղված դիմումներն առնվել են քննության, որոշումներն ուղարկվել ԿԸՀ, իրենց արձանագրած իրավախախտումների առնչությամբ, քանի որ վերջինները հրաժարվել են վարույթ ընդունել:
Բոլոր որոշումներով մերժվել է վարույթի հարուցումը, մինչդեռ ըստ Պետրոսյանի՝ նրանք օրենքով պարտավոր են դա անել:
Նախ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հետաքրքրեց, թե ինչու է Պետրոսյանը դիմումի տակ ստորագրել իբրեւ ԿԸՀ-ում եւ վարչական դատարանում «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ, ապա ավելացրեց, որ ընտրական օրենսգրքի համաձայն՝ դիմումատուն պետք է հստակ սահմանի իր պահանջը, ինչը սույն դիմումի պարագայում այդպես չէ:
Կարդացեք նաև
ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ ընտրատարածքային հանձնաժողովի որոշումները, անգործությունը եւ այլն կարող են բողոքարկվել ԿԸՀ-ում: Բողոք ներկայացնող կողմը ներկայացոնում է փաստական հանգամանքները:
Տվյալ դիմումում դիմումատուն չի պահանջում ուժը կորցրած համարել որոշումները, եւ Պետրոսյանի կողմից ԿԸՀ ներկայացվածը ոչ լրիվ է:
Մուկուչյանի փոխանցմամբ՝ չկա հավերժ որեւէ մեկի լիազոր ներկայացուցիչ լինելու ինստիտուտ եւ դիմումը ներկայացնելու պահին թեկնածու` «Բարեւ Երեւան» դաշինք որպես այդպիսին առկա չի եղել: Իսկ Պետրոսյանը իր ներկայացուցչի կարգավիճակով չի կարող նման դիմում ներկայացնել ԿԸՀ, իսկ ներկայացրած դիմումն էլ չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին:
ԿԸՀ-ն մերժեց Պետրոսյանի դիմումը, հիշեցնելով, որ այն կարող է բողոքարկվել 3 օրվա ընթացքում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ