Այսօր, հուլիսի 15-ին՝ ժամը 15:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը: Նախորդ դատական նիստերից մեկում գործով մեղադրյալ՝ հոսպիտալի բժիշկ Մինաս Մկրտչյանը, հայտարարել էր, որ ինքը մեղավոր չի ճանաչում իրեն:
Նիստի ժամանակ տուժող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը հայտնեց, որ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու հիմքեր չի տեսնում: «Կրկնակի փորձաքննության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող»,- ասաց նա:
Գործով մեղադրող Համբարձում Մելիք-Սարգսյանը նույնպես դեմ էր դրան: Ըստ նրա՝ նշանակված փորձաքննությամբ բոլոր հարցերի պատասխանները տրված են:
Այնուհետեւ Մուշեղ Շուշանյանը դատական նիստի ընթացքում հրապարակեց իր կողմից ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանին և Դերենիկ Դումանյանին արված հարցումները: ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներին հարցրել էին, թե ի՞նչ իրավական ակտով կամ ակտերով են սահմանված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման պատասխանատու անձանց, եւ ի՞նչ իրավական ակտով են կարգավորվում տարակարծությունների դեպքում բժշկական անձնակազմի հարաբերությունները:
Կարդացեք նաև
Ինչպես փաստաբանը հայտնեց, իրենք ստացել են ոչ բավարարող պատասխաններ, եւ արդյունքն իրենց չի գոհացրել: Իսկ դատավոր Վլադիմիր Գրիգորյանն էլ այդ հարցադրումները համարեց անհիմն եւ ոչ պրոֆեսիոնալ:
Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը, ով Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի բնակիչ էր, մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով՝ ջրծաղիկ հիվանդությունից: Դեպքից հետո Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 13:00-ին: Դատական այդ նիստի ընթացքում դատարանը կհրապարակի լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին որոշումը:
Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ