Շաբաթ օրը 1in.am կայքը հրապարակել էր Ֆրանսիայի թեմի արդեն նախկին առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի նամակը՝ ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին՝ Գարեգին Բ սրբազանին, որում արքեպիսկոպոսը բացատրում էր իր հրաժարականը եւ Կաթողիկոսին մեղադրում՝ «մարդոց արժանապատւութիւնը կը ճզմէք ձեր ոտքին տակ»:
Այս նամակի կապակցությամբ «Առավոտը» խնդրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի տնօրեն, Ամենայն հայոց կաթողիկոսի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանի մեկնաբանությունը:
Հայր Վահրամը հակիրճ պատասխանեց. «Հարկ չենք համարում անդրադառնալ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարական նամակի բովանդակությանը: Պարզապես նշեմ, որ նամակում տեղ են գտել ոչ ճիշտ տեղեկություններ և սխալ ու անընդունելի վերագրումներ: Իսկ հրաժարական դիմումի վերաբերյալ որոշում կառնվի Գերագույն հոգևոր խորհուրդի առաջիկա ժողովում»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ