Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը

Հուլիս 15,2013 17:00

Հուլիսի 15-ին կայացավ Հայաստանի արտգործնախարարի և Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հանդիպումը:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Հայաստանը և Ուկրաինան բարեկամության դարավոր ավանդույթներ ունեն և այսօր էլ հենց այդ հիմքի վրա կառուցում են միջպետական հարաբերությունները։ Կան բոլոր նախադրյալները նոր որակ հաղորդելու տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը»:
«Հայաստանը աջակցում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Ուկրաինայի նախագահությանը և պատրաստ ենք մեր նպաստը բերելու ուկրաինական նախագահության առաջնահերթությունների իրագործմանը, կնպաստենք ուկրաինական նախագահության ընթացքում կազմակերպության արդյունավետության և կենսունակության բարձրացմանն ուղղված քայլերին»,- հավելեց նախարար Նալբանդյանը:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում տեղի ունեցավ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ, մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերի, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրվող բարեփոխումների շուրջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
«Հայաստանը մշտապես հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին և մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը, որն արտացոլված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում 2009 թ.՝ լ՛Աքվիլայում, 2010 թ.՝ Մուսկոկայում և 2011թ.՝ Դովիլում, 2012թ.՝ Լոս Կաբոսում, 2013թ.՝ Էնիսկիլենում»,- ընդգծեց նախարար Նալբանդյանը:
Այս ենթատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ ուկրաինական նախագահությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։
Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում՝ բանակցությունների ընթացքում, քննարկվեցին ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցությանն առնչվող հարցեր։
Էդվարդ Նալբանդյանի և Լեոնիդ Կոժարայի հանդիպմանը հետևեց համատեղ մամլո ասուլիսը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031