Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսրայելը մեր անցյալի պատճառով իրավունք չունի ուրանալ Հայոց ցեղասպանությունը». Յաիր Աուրոն

Հուլիս 15,2013 16:51

Фото1395 Фото1398 Հայոց ցեղասպանությունը և հրեական Հոլոքոստը համադրող «Անընդունելի անտարբերություն» գրքում հեղինակ Յաիր Աուրոն անդրադառնում է ոչ միայն հրեական Հոլոքոստի, այլև Հայոց ցեղասպանության վերաբերյալ իսրայելական դիրքորոշմանը: Բնօրինակը գրված է եբրայերենով: Գրքի հայերեն թարգմանությունն իրականացվել է Աննա Սաֆարյանի կողմից, գրքի նախաբանը գրել է հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը, իսկ գրքի հրատարակման գործն իր վրա էր վերցրել հայտնի գործարար և բարեգործ Կարեն Բաղդասարովը. «Ես վարժված չեմ նման կարգավիճակի, որտեղ կան շատ լրագրողներ և նկարիչներ: Երանի թե Իսրայելում այսքան շատ լրագրողներ հետաքրքրված լինեին գրքերով: Այսօր ես շատ հուզված եմ և շատ զգացված ձեր ներկայությամբ և հետաքրքրվածությամբ»,- «Հայելի» ակումբում ասաց գրքի հեղինակը:

Գիրքը պատմում է հայերի ու հրեաների բարեկամության ու ընդհանուր ցավի մասին: «Շատ գրքերի հեղինակ եմ, բայց այս գրքում պատմում եմ Իսրայելի վերաբերմունքի մասին: Ողջակիզումը տեղակայվում է ցեղասպանության կատեգորիայի մեջ և ինձ համար շատ ցավալի է, որ այս տեսակետը ընդունելի չէ: Մենք պայքարում ենք, որ ողջակիզումը և ցեղասպանությունը միմյանցից չտարանջատվի: Ես առաջարկում եմ եղբայրություն զոհերի միջև»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով` նա գրքով փորձում է ասել, որ պետք է պայքարել իսրայելական քաղաքականության դեմ, որն իր արդյունքն, այնուամենայնիվ, տալիս է: «Վերջին 8-րդ անգամ, երբ Քնեսեթում քննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը, սկզբում կառավարությունն էր արգելք հանդիսանում, սակայն այս անգամ Քնեսեթի անդամներից ոչ ոք դեմ չքվեարկեց, որ Քնեսեթում քննարկվի Հայոց ցեղասպանության հարցը, որն արդեն ձեռքբերում է: Կառավարման կեցվածքը բարոյական չէ: Իսրայելը մեր անցյալի պատճառով իրավունք չունի ուրանալ Հայոց ցեղասպանությունը»,-ընդգծեց Յաիր Աուրոն:

Ըստ նրա` խնդիրը միայն Թուրքիան չէ. աշխարհն ունի պատասխանատվություն. «Աշխարհը Հայոց ցեղասպանության հարցով շատ ցինիկ է պահում, ինչպես, օրինակ, ԱՄՆ նախագահը»,-հավելելով, որ գրքում չի ցանկացել հրեաներին սպիտակ լույսի ներքո ներկայացնել, քանի որ Հայոց ցեղասպանության գործում հրեաները ևս ունեցել են իրենց մասնակցությունը` մի խումբ հայերի հանձնելով թուրքերին. «Ցավոք, այսօր որևէ տեղեկություն չկա, թե մոտավոր որքան մարդու մասին է խոսքը: Ես շատ արխիվներից եմ օգտվել: Ինձ բազմիցս են հորդորել, որպեսզի այդ հատվածը տեղ չգտնի իմ գրքում, բայց ես այդպես վարվել չէի կարող, քանի որ դա է ճշմարտությունը»:

Հեղինակի երկրորդ գիրքը, որը վերնագրել է «Ուրացման անհեթեթություն»` Իսրայելի այդ կեցվածքն ավելի է մանրամասնում, հույս հայտնելով, որ այն ևս կթարգմանվի հայերեն:

Իսրայելի Քնեսեթի նախկին պատգամավոր Յաիր Ցաբանի կարծիքով` Իսրայելի նման պահվածքը` Հայոց ցեղասպանության ուրացման պատճառը, Թուրքիայի հետ ռազմական և տնտեսական շահերի հետապնդումն է. «Ես՝ որպես հրեա, բնական է, որ դեմ պետք է լինեմ ցեղասպանության ուրացմանը: Սա առաջին կարգի բարոյական հարց է»:

Նշենք, որ իսրայելցի գիտնական, պատմաբան Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը կանցկացվի այսօր` ժամը 18:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս թեմայով շատ դառը փաստեր է գրված,՝ ,, Четыре года под полумесяцем,, Рафаель Де
    Ногалес Վենեսուելացի բարձրաստիճան սպայի կողմից, որը անմիջական մասնակիցն է եղել ողջ
    հրեշագործություններին և որպես խորը զղջում Հայ ազգի հանդեպ գրում է իրականությունը:
    Գիրքը լույս է տեսել՝ 1920, 1940 և 1990թ.-րին, և հասկանալի պատճառներով չունի հրապարակային
    վաճառք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031