Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանին կից գտնվող, խորհրդային տարիներից կիսակառույց «Իջեւանատուն» համալիրի շինությունները անմխիթար վիճակում են: Համալիրը պետք է դառնար ժողովրդական արհեստների կենտրոն: Անավարտ համալիրի շինությունները կորել են մոշու եւ այլ թփերի մեջ, դրանց պատերը տարիների ընթացքում անձրեւներից, քամուց խարխլվել են:
2010 թվականի սեպտեմբերի 30-ին Իջեւանում, Տավուշի մարզպետարանում կայացավ ՀՀ կառավարության արտագնա նիստ: Նիստում, ի թիվս այլ հարցերի, կառավարության հավանությանն արժանացավ Տավուշի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկը, ուր ընդգրկված էին վանական համալիրների, թանգարանների, գրադարանների, մշակույթի տների նորոգման կամ վերականգնման ծրագրեր: Կառավարությունն արտագնա նիստում հավանություն տվեց քանդակի Իջեւանի սիմպոզիումի վերականգնման ծրագիր -առաջարկին:
Իջեւանի սիմպոզիումը սկիզբ է առել 1985 թվականին եւ շարունակվել մինչեւ 1991 թվականը: Այդ ընթացքում դրան մասնակցել է 20 երկրի 95 քանդակագործ: Այդ սիմպոզիումների ընթացքում կերտված քանդակները մշակութային շուք են տալիս Իջեւանի քաղաքային զբոսայգուն:
Կառավարության արտագնա նիստում հայտարարվեց, որ քանդակի Իջեւանի սիմպոզիումը կվերականգնվի 2011 թվականին, Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանին կից, խորհրդային տարիներից կիսակառույց «Իջեւանատուն» համալիրը կհանձնվի «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ այնտեղ քանդակի սիմպոզիումների ավանդույթը վերականգնելու համար:
Կարդացեք նաև
Գրեթե 3 տարի է անցել կառավարության արտագնա նիստից, քանդակի Իջեւանի սիմպոզիումը չի վերականգնվել, «Իջեւանատուն» կիսակառույց համալիրը չի հանձնվել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին:
Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ համալիրը գտնվում է պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ