Լրահոս
Օրվա լրահոսը

Խեղդել մեր միջի «աբիժնիկին»

Հուլիս 15,2013 16:27

1915 թվականին Լենինը գրել էր մի հոդված, որը կոչվում էր՝ «Սեփական կառավարության պարտությունը իմպերիալիստական պատերազմում»: Հոդվածը սկսվում է հետեւյալ նախադասությամբ. «Հեղափոխական դասակարգը ռեակցիոն պատերազմում չի կարող չցանկանալ, որ սեփական կառավարությունը պարտվի»: Հոդվածում նա բանավիճում է այլ սոցիալ-դեմոկրատների հետ, որոնք չէին ցանկանում, որ Ռուսաստանը պարտվի առաջին համաշխարհային պատերազմում եւ անվանում է նրանց «սոցիալ-շովինիստներ»: Հեղինակն իրավացիորեն նշում է, որ պարտությունը պատերազմում նպաստում է հեղափոխական ալիքի բարձրացմանը եւ որպես օրինակ բերում է 1871 թվականի Փարիզի կոմունան: Ինչպես միշտ` այս գործչի դեպքում, հոդվածը թեեւ հանճարեղ, բայց խեղված եւ անառողջ մտքի արգասիք է: Ստացվում է, որ սեփական վատ, անարդար ռեժիմից ազատելու համար անհրաժեշտ է, որ թշնամին ծնկի բերի քո երկիրը:

Հայաստանում այս մտածելակերպը հանդիպում է ամեն քայլափոխի ՝ քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակներում: Տվյալ պահին գոյություն ունեցող քաղաքական, տնտեսական համակարգի եւ, իհարկե, առաջին հերթին՝ իշխանության ճչացող արատները մարդուն կամ մարդկանց խմբերին դարձնում են «աբիժնիկ», եւ այդ «աբիժնիկությունը» տարածվում է ոչ միայն հիշյալ սուբյեկտների, այլեւ սեփական պետության, երկրի վրա: Այդ մտածողության շրջանակներում ցանկացած քայլ, որը ձեռնարկվում է Հայաստանի դեմ, ընդունվում է անթաքույց խանդավառությամբ:

Եթե հիշում եք, 1996 թվականի դեկտեմբերի 2-3-ին Լիսաբոնում կայացավ ԵԱՀԿ հերթական համաժողովը, որից մոտ 2,5 ամիս առաջ Հայաստանում տեղի էին ունեցել վիճահարույց նախագահական ընտրությունները՝ մեզ բնորոշ «հետընտրական պրոցեսներով»: Պարզ էր, որ այդ համաժողովում մեզ ոչ մի լավ բան չի սպասում: Եվ ահա՝ մեր ընդդիմադիրները նախօրոք ըմբոշխնում էին այդ համաժողովի բանաձեւերը, որոնք հարվածելու էին ոչ այնքան Տեր-Պետրոսյանին, որքան՝ Հայաստանին: Եվ իսկապես՝ Լիսաբոնյան հռչակագրում պետք է տեղ գտնեին մեզ համար անընդունելի կետեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ այդ երկրի կազմում Արցախի ինքնորոշման մասին, բայց, քանի որ ԵԱՀԿ համաժողովներում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, Հայաստանը վետո դրեց այդ կետերի վրա, եւ որպես փաստաթուղթ տարածվեց միայն ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը, որը պարունակում է նույն կետերը: (Առայսօր առաջին նախագահի հակառակորդներն այս համաժողովի մասին հեքիաթներ են տարածում, բայց մեր ինտերնետային դարում իրողությունը ստուգելը 5 րոպեի խնդիր է): Լիսաբոնից հետո դարձյալ հայաստանյան ընդդիմադիրների ոգեւորությունն ավելի մեծ էր, քան ադրբեջանական կողմինը՝ «լիսաբոնյան խայտառակություն», «կարմիր քարտ բռնապետական ռեժիմին» եւ այլն:

Հիմա էլ (ի դեպ, ուշադրություն դարձրեք՝ հերթական համանման նախագահական ընտրություններից հետո) ընդդիմադիրները ինչ-որ «հաճույքներ» են կանխատեսում՝ այ, տեսնում եք, Ռուսաստանը մեզ ինչպես է պատժում, դեռ ավելի շատ է պատժելու, այ, «Սմերչը» հիմա ամբողջ Հայաստանն ու Արցախը ոչնչացնելու է: Կարծես թե դա տեղի է ունենալու (եթե, իհարկե, տեղի ունենա, ինչի վերաբերյալ լուրջ կասկածներ ունեմ) միայն Սերժ Սարգսյանի եւ ոչ թե՝ մեր բոլորիս հետ:

Իհարկե, անհատական մակարդակով նույնպես ամեն մեկս պետք է խեղդի իր միջի «աբիժնիկին»: Որովհետեւ՝ եթե մենք տուրք ենք տալիս մեր նեղվածությանը, մեր մեջ եռացող բացասական էմոցիաներին, դա, ի վերջո, կուրացնում է՝ մեզ դարձնելով թույլ եւ դժբախտ:

Կարելի է լինել ընդդիմադիր եւ իշխանամետ, կարելի է ընդհանրապես հեռու լինել քաղաքականությունից, կարելի է լինել ազգայնական, ազատական կամ սոցիալիստ, լինել քրիստոնյա, աթեիստ կամ այլ հավատքի հետեւորդ: Մարդը կարող է լինել հեղափոխական կամ հակահեղափոխական, որը, իմ կարծիքով, ըստ էության՝ նույնն է: Բայց ամենաանցանկալի տարբերակն է՝ լինել «աբիժնիկ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ծաղրանկարը՝ New Yorker-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լեո says:

    Անեգդոտ

    Ես նախագահականում նստած խոսում են ասում են
    -Արա սաղ մեզ օֆշառով են տալիս
    – Չեն թողում օֆշորթենք
    – Չեք կարողանում մի բան օֆշարադրեք ուրա են մեր նվիրյալ թղթակիցը

    Ասում են վախից օֆշռռ..ում..ա

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031