Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ բողոքի քննությունն՝ Արտակ Նազարյանի գործով ամբաստանյալն ուղարկվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ

Հուլիս 15,2013 15:14

D_1 D_3ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, այսօր քննության էր դրել  Արտակ Նազարյանի գործով Հակոբ  Մանուկյանի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ծովինար Նազարյանի, Վահագն Հայրապետյանի բողոքը: Դատարանը ստացել էր գրություն այն մասին, որ ամբաստանյալ Ադիբեկ Հովհաննիսյանը տեղափոխվել է «Կոշ» ՔԿՀ եւ չի կարող մասնակցել այսօրվա դատական անդրանիկ նիստին:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, այս տարվա մայիսի 7-ին դատավճիռ էր կայացրել ՊՆ գումարտակի հրամանատար Հակոբ Մանուկյանի, երկրորդ դասակի հրամանատար Վահագն Հայրապետյանի, շարքայիններ Ադիբեկ Հովհաննիսյանի, Մխիթար Մխիթարյանի, Հարութիկ Կիրակոսյանի վերաբերյալ: Նրանք մեղադրվել էին 2010թ. հուլիսի 27-ին Ղոզլու կոչվող մարտական հենակետում ավագ Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար:

Ուշադրության արժանի է այն, որ շարքայինները բողոք չէին բերել:  Նրանք բայցեւայնպես դատական նիստերի դահլիճ էին ներկայացել: Նրանց պաշտպանները չէին մասնակցում  դատական նիստին՝ դատարանին անհայտ պատճառով: Երբ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը դիմեց պաշտպանական կողմին, թե ինչ պատճառով են բացակայում ամբաստանյալների պաշտպանները, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հայտնեց, որ իր իրավասության մեջ չի մտնում ներկայացնել տեղեկություններ եւ կողմ արտահայտեց դատական նիստը հետաձգել ոչ այնքան պաշտպանների բացակայության, որքան ամբաստանյալ Ադիբեկ Հովհաննիսյանի բացակայության հիմքով:  Դրան կողմ էր նաեւ ինչպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, այնպես էլ մեղադրողները:

Դատական նիստը նշանակվեց հուլիսի 29-ին:

Նշենք, որ ամբաստանյալ Հակոբ Մանուկյանը դատապարտվել է 10, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը, Մխիթար Մխիթարյանը՝ 4-ական տարի ազատազրկման: Հարութիկ Կիրակոսյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման եւ վերացվել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031