Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողական ամառային դպրոց վրանների ներքո

Հուլիս 15,2013 14:51

Հուլիսի 15-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում մեկնարկեց «Ֆիզիկական և կենսաբանական բաղադրյալ համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ» խորագրով ամառային դպրոց-սեմինարը:

Դպրոցն իր ձևաչափով վրանային ճամբար է: ԵՊՀ-ից և Արցախի պետական համալսարանից մասնակցում է շուրջ 30 ուսանող: Ամառային դպրոց-սեմինարը  կազմակերպվում է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի և ՈՒԽ-ի նախաձեռնությամբ: Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են Արցախի պետական համալսարանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և «Ծմակահող» հիմնադրամը, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Ծրագրի նպատակն է ամառային դպրոցի մասնակիցներին տեղեկացնել բաղադրյալ համակարգերի մոդելավորման ժամանակակից մոտեցումների և ձեռքբերումների մասին, նպաստել բարձր տեխնո­լոգիա­­ների զարգացմանը ՀՀ-ում և Արցախում, ինչպես նաև Հայաստանի ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներին կապել ԼՂՀ-ի հետ:

Ամառային դպրոցի բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղբալյանը, Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Համբարձումյանը, ԱրՊՀ ռեկտոր Ս. Դադայանը և ուրիշներ:

Ինչպես նշեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ-ն Արցախում իրականացնում է մի շարք ուսանողական ծրագրեր, որոնք աչքի են ընկնում իրենց բովանդակային բազմազանությամբ: Իսկապես ուրախալի է, որ Արցախի հեռավոր գյուղերից մեկում հայ ուսանողներն առնչվում են գիտության, տեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նվաճումներին:

Ամառային դպրոցում ցանցերի տոպոլոգիական բնութագրիչների հաշվարկի համակարգի, կիսահաղորդիչ նանոկառուցվածքների վրա հիմնված լազերների, բարդ համակարգերի մոդելների և մի շարք այլ թեմաներով դասախոսություններով հանդես կգան ԵՊՀ, ԱրՊՀ դասախոսները, ինչպես նաև Մոսկվայում գտնվող ՌԴ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչները:

Վրանային ճամբարի մասնակիցների համար կկազմակերպվեն նաև մշակութային, գիտաճանաչողական և ժամանցային միջոցառումներ և արշավներ դեպի Արցախի պատմամշակութային վայրեր:

Ամառային դպրոցի անցկացման վայրը պատահական չէ ընտրված: Հենց Ծմակահող գյուղում է 1905 թ-ին ծնվել ականավոր գիտնական, Խորհրդային միության էլեկտրամեխանիկայի դպրոցի հիմնադիր, ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը: Նա եղել է ռազմական և տիեզերական հրթիռաշինության գլխավոր կոնստրուկտորներից մեկը, և խորհրդային առաջին տիեզերանավերն ամբողջությամբ զինված են եղել նրա ստեղծած էլեկտրասարքավորումներով: Աշխարհահռչակ Սերգեյ Կոռոլյովը Իոսիֆյանին անվանել է «բոլոր հրթիռների գլխավոր էլեկտրիկ»:

 ԵՊՀ մամլո հաղորդակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031