Երևանի համաչափ զարգացման համատեքստում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013թ-ի զարգացման ծրագրերով նույնպես ծավալային առումով զգալի աշխատանքներ են իրականացվում:
Կանաչապատման ոլորտում 2013թ. առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքում տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել 16 հազար տարբեր տեսակի ծառեր: Այս տարի մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքները կզարդարեն շուրջ 2 մլն բազմերանգ ծաղիկներ, որից 1 մլն 800 հազարն արդեն տնկվել է:
Ավարտվել է նաև 2013 թ-ի զարգացման ծրագրով նախատեսված 21 կմ ոռոգման նոր համակարգի կառուցումը, ինչի արդյունքում այսօր արդեն շուրջ 70 հա կանաչ տարածք լիովի ոռոգելի է:
Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի մակերեսը: Անցած վեց ամիսների ընթացքում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, ևս 10 հա գոյություն ունեցող սիզամարգեր էլ թարմացվել են: Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 40 գեղարվեստական կոմպոզիցիաներ:
Կարդացեք նաև
2013 թվականի Երևանը կանաչ տարածքներով համալրելու ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն