Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին և Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը տեղեկացնում են
Վերջին օրերին որոշ ԶԼՄ-ների տրամադրվել է ապատեղեկատվություն Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի (ՀԱԸՀՄ) գործունեության վերաբերյալ:
Ի պատասխան վերոնշյալի, տեղեկացնում ենք.
ՀԱԸՀՄ-ն 1991 թվականից բարեսիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում: ՀԱԸՀՄ-ն ՀԱԵ-ի հետ համագործակցությամբ 1992 թվականից Հայաստանի տարբեր բնակավայրերում կազմակերպում է ամառային հանգստի և բակային ճամբարներ, որոնցում մինչև այսօր հանգստացել է ավելի քան 140 000 երեխա: 2012 թվականին Հանքավանի «Շիին Շողիկ» ամառային հանգստի ճամբարում երիտասարդների հերթափոխի ժամանակ կազմակերպվել է սեռական դաստիրակությանը նվիրված սեմինար: Ծրագրին մասնակցել են 250-ից ավելի երիտասարդներ և 16 տարեկանից բարձր մի քանի պատանիներ: Սեմինարն անցկացրել է բժիշկ – սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և արժանացել մասնակիցների շնորհակալությանը, բացառությամբ Արագածոտնի մարզի մի քանի երիտասարդների:
Վրեժ Շահրամանյանի վկայությամբ վերոնշյալ ծրագիրը մշակվել է մասնագետ բժիշկ- սեքսապաթոլոգների և հոգեբանների կողմից և նախատեսված է պատանիների և երիտասարդների համար՝ անկախ սեռերի տարբերությունից: Սեմինարի ժամանակ դիդակտիկ նյութեր չեն օգտագործվել, բացառությամբ մի քանի ոչ էրոտիկ բնույթ կրող գծանկարների: Սեմինարին մասնակցությունը եղել է ոչ պարտադիր և ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ ելումուտի:
ՀԱԵ-ն և ՀԱԸՀՄ-ն և սեռական դաստիրակության վերաբերյալ որևէ այլ սեմինար կամ դասախոսություն ընդհանրապես չեն կազմակերպել: Ինչ վերաբերվում է ապատեղեկատվության մեջ արծարծվող ցանցային «Քյունետ» բիզնես ծրագրին, ապա տեղեկացնում ենք, որ ՀԱԵ-ն և ՀԱԸՀՄ-ն որևէ առնչություն չունեն վերոնշյալ ծրագրի հետ և չեն խրախուսում ցանկացած մեկի մասնակցությունը տվյալ ծրագրին:
Տեղեկացնենք, որ այսօր Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում հանգստանում են հատուկ կարիքներ ունեցող երեխաներ իրենց ծնողների կամ խնամակալների հետ: Հուլիս-օգոստոս ամիսներին ճամբարում կհանգստանան նաև Հայաստանում հանգրվանած սիրիահայ երեխաներ:
ՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ
Հարութ Ներսեսսյան
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ
Վեր. Մկրտիչ Մելքոնյան