Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի տեքստը գաղտնի պահվում

Հուլիս 15,2013 13:29

«Քանի դեռ փաստաթուղթը չի հրապարակվել, մենք լիովին վստահ լինել չենք կարող, որ չի առաջանա այնպիսի մի անընդունելի դրույթ, որ կար հայ-թուրքական արձանագրություններում: Ո՞վ էր կարծում, որ այս իշխանությունները կգնան պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը»,-այսօր ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Գործադիր կոմիտեի նախաձեռնած հանրային քննարկմանը՝ նվիրված Եվրամիություն- Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացին եւ սպասվելիք նախաստորագրմանը, այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: Շարունակելով՝ նա նշեց. «ՀԱԿ-ը կողմ է Եվրաինտեգրման գործընթացին, խորացնելու համագործակցությունը ժողովրդավարական երկրների միավորման, Եվրամիության հետ: Միևնույն ժամանակ ունենք վերապահումներ: Նախ` դա վերաբերում է անհետևողականությանը, որ տեսնում ենք մեր եվրոպացի գործընկերների մոտ: Օրինակ՝ մինչ ՀՀ նախագահական ընտրությունները Ֆյուլեն մի քանի անգամ հայտարարություններ արեց, կոչ արեց մեր իշխանություններին ընդունել նոր օրենսգիրք և այլն: Բայց որևէ արձագանք չեղավ եվրոպական կողմից և այդ կոչը արհամարհվեց: Կամ նրա վերջին այցելության ժամանակ խոսք չեղավ մարտի մեկի զոհերի մասին և այլն»:

ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի համակարգող Բորիս Նավասարդյանը ևս մտահոգություն հայտնեց, որ փաստաթուղթը բաց չէ հասարակության համար, և հատվածաբար տեղեկություններ ունենք դրա մասին: Նաև նկատեց, թե միակ փաստը, որ հուշում է փաստաթղթի մասին, Արևելյան գործընկերության ճանապարհային քարտեզն է:

Վ. Կարապետյանն էլ հետաքրքրվեց՝ ի՞նչ է հետևելու Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, կամ ինչո՞ւ է, ասենք, համաձայնագիրը Ուկրաինայի պարագայում ստորագրվում, ՀՀ-ի պարագայում՝ նախաստորագրվում: Բ. Նավասարդյանը պատասխանեց. «Կարգավիճակային տարբերությունները կայանում են նրանում, որ Ուկրաինայի դեպքում երկկողմանի համաձայնեցվել է տեքստը: ՀՀ-ի դեպքում դեռ կան տեքստային մասեր, որ համաձայնեցված չեն: Սպասվում է, որ Վիլնյուսի համաժողովից հետո նախաստորագրումը կտևի երկու ամիս, դրանից հետո կսկսի վավերացման և անդամ երկրների կողմից հաստատման գործընթացը»:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց. «Կարծում եմ՝ դժվարությունը ոչ միայն կայանում է ուղղակի փաստաթղթի ոչ հրապարակային լինելու մեջ, այլև մյուս կարևոր հարցի անորոշությունների մեջ է: Այդ հարցն էլ Եվրասիական միության խնդիրն է: Այս դեպքում միակ դժվարությունը Եվրասիական միության հարցն է: Թեև ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե ՀՀ-ի առաջ ընտրության պայման դրված չէ, բայց ՌԴ-ից եկող սիգնալներից էլ ավել հուշում են, որ այդպիսի պայման դրված է ՀՀ-ի առաջ, որ ՀՀ-ն ընտրի երկուսից մեկը: Երկուսից մեկի ընտրությունը, կարծում ենք, այնքան էլ ցանկալի չէ»:

ՕԵԿ ներկայացուցիչ Արթուր Միսակյանը հայտարարեց, թե ՕԵԿ-ը շահագրգռված է Եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացում:

Նշենք նաև, որ ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը հայտարարություն է տարածել, որով կոչ է արվում համախմբվել ժողովրդավարական արժեքների ու բարեփոխումների շուրջ՝ անկախ կուսակցական, քաղաքական կողմնակալության:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031