Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ մահանալը զինծառայողը ենթարկվե՞լ է բռնության

Հուլիս 15,2013 13:16

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հատուկ քննչական ծառայության դեմ Հեղինե Պետրոսյանի եւ նրա ներկայացուցիչներ՝ Հելսինկյան ասամբլեայի  Վանաձորի գրասենյակի իրավապաշտպաններ Արթուր Սաքունցի եւ Արայիկ Զալյանի բողոքի քննությունը:  ՀՔԾ քննիչ Բաբայանը դատարան էր ներկայացրել  Լեռնային Ղարաբաղի քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը , ինչպես նաեւ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու որոշումը եւ եզրակացության պատճենը:

Իրավապաշտպան Արայիկ Զալյանը դատարանին ներկայացրեց բողոքը, հայտնելով, որ զինծառայող Հայկ Մովսիսյանը 2012թ. նոյեմբերի 20-ին դատապարտվել է 3 տարի ազատազրկման, իսկ այս տարվա ապրիլի 11-ին Հայաստանի գլխավոր դատախազի կողմից վերաքննիչ բողոք էր բերվել Սյունիքի մարզի  դատարանի դատավճռի դեմ:  Դատախազի բողոքը բավարարվել էր եւ դատավճռով Հայկ Մովսիսյանը արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով: Իրավապաշտպանը նաեւ տեղեկացրեց, որ քննչական մեկուսարանում Հայկին գտել են մահացած:

Այս տարվա մարտի 13-ին գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, քանի որ նոր քրգործ էր հարուցվել պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ: Բողոքաբեր կողմը  դատարանին հայտնեց, որ Հեղինե Պետրոսյանը՝ Հայկի մայրը չի ճանաչվել տուժողի իրավահաջորդ, իսկ ՀՔԾ քննիչը հունիսի 5-ի որոշմամբ հետաձգել էր տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջը: Ըստ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչների՝ պետությունը համոզիչ բացատրություն պետք է ներկայացներ Հայկ Մովսիսյանի մահվան հետ կապված, մինչդեռ, ինչպես հետաքննությունը, այնպես էլ նախաքննությունը հասանելի չի եղել ազատազրկման վայրում մահացած Հայկ Մովսիսյանի ընտանիքի համար:

Ավելին, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտնեց, որ դիակի կրկնակի փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հայկի աջ նախաբազկի վրա եղել է քերծվածք մինչ մահը՝ բութ առարկայով: Իրավապաշտպանը հարցում ուներ, թե մինչ մահանալը արդյոք Հայկը ենթարկվե՞լ է բռնության:

Արթուր Սաքունցը հայտնեց, որ երկու դատաբժշկական փորձաքննության եզրակացություն գոյություն ունի մահից 3 օր հետո կայացված եւ որ դա բավարար էր, որ Հակյին ճանաչեին տուժող, իսկ մորը՝ տուժողի  իրավահաջորդ: Բողոքաբեր կողմը հարց է տալիս, թե ինչու է ԼՂՀ քննչական վարչությունը քննություն իրականացրել, մինչդեռ դատավճիռը կայացրել է Հայաստանի Հանրապետության դատարաններից մեկը, բողոքը բերել է Հայաստանի գլխավոր դատախազը եւ որ այս պահին էլ Հայկ Մովսիսյանի իրավահաջորդը հերթական անգամ զրկված է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:

Բողոքաբեր կողմը պահանջում է ճանաչել Հեղինե Պետրոսյանին իրավահաջորդ եւ ՀՔԾ քննիչի որոշումը վերացնել:

Պատասխանող կողմը՝ ՀՔԾ քննիչը հայտնեց, որ իրենց որոշմամբ Հեղինե Պետրոսյանի պահանջը չի մերժվել, այն հետաձգվել է: Նա ասաց, որ չի հաստատվել ինքնասպանության դրդելու, հասցնելու ապացույց, այլ ԼՂՀ-ում անցկացված քննչական գործողություններով  հիմնավորվել է, որ Հայկը նվաստացման տակ չի կատարել ինքնասպանություն:

Դատավոր Մխիթար Պապոյանին հետաքրքրեց Հայկի վերաբերյալ «ԼՂՀ-ի գործի» եւ ՀՔԾ-ի գործերի միացման որոշումը, որոշման հիմնավորվածությունը, նաեւ դատարանը ՀՔԾ-ից պահանջեց այդ որոշումը, որը չէր տրամադրվել դատարանին:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց վաղը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031