Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:
Այսօր ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բանակցություններին հաջորդեց արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Էդվարդ Նալբանդյանը անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ուկրաինայի հետ հարաբերություններին, նկատելով, որ դարավոր բարեկամություն է երկու երկրների միջեւ:
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ այսօրվա բանակցություններում անդրադարձ է եղել տարածաշրջանային, միջազգային խնդիրներին, ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության շրջանում տարբեր ուղղություններով հարաբերությունների զարգացման շարունակմանը եւ արդյունավետ գործունեությանը:
Կարդացեք նաև
Է. Նալբանդյանը հավելեց, որ Ուկրաինայի նախագահության շրջանում մտադիր են էլ ավելի արդյունավետ աշխատանք իրականացնել: ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարային հայտնել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա իրավիճակի մասին տեղեկություններ:
Լեոնիդ Կոժարան իր խոսքում նշեց, որ կես տաս տարվա ընթացքում արդեն երրորդ հանդիպումն է ՀՀ ԱԳ նախարարի հետ: Մեր օրակարգը բավական մեծ էր, նշեց Կոժարան:
Նա նշեց, որ Հայաստանի ԱԳ նախարարին տեղեկացրել է ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթությունների մասին, որոնց, ըստ ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի` հայկական կողմը սատարում է:
Ուկրաինայի նախագահության համար այսպես կոչված «սառեցված հակամարտությունների» կարգավորումը առաջնահերթություն է, նկատեց Կոժարան: Այնուհետեւ ԵԱՀԿ գործող նախագահը հավելեց, որ Ուկրաինան գտնում է, որ բանակցային գործընթացը պետք է ակտիվորեն շարունակվի: Հակամարտության կարգավորման գործընթացում՝ մենք հետաքրքրված ենք, որ շփումները լինեն մշտական եւ հաճախակի, ասաց նա` հավելելով, որ թեեւ աջակցում են ԵԱՀԿ ՄԽ-ին, սակայն կարծում են, որ այն պետք է ավելի ակտիվ աշխատի, որպեսզի ջանքերը արդյունք տան, հարկավոր է բեղմնավոր աշխատանք տարվի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Լեոնիդ Կոժարան խիստ կարեւորեց նաեւ հայ եւ ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների շփումները:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ