«Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական վեհաժողովում մենք չենք բարձրացնում քաղաքական բնույթի հարցեր, քանի որ դա հենց տնտեսական հարթակ է և այդտեղ պիտի քննարկվեն տնտեսական հարցեր: Բայց եթե մեր հարևանները բարձրացնում են քաղաքական բնույթի հարցեր` մենք խիստ պատասխան ենք տալիս այդ հայտարարություններին»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նա ներկայացրեց, թե ինչպիսի սադրանքների են դիմել ադրբեջանցիները Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական 41-րդ վեհաժողովում: Մասնավորապես, ադրբեջանական պատվիրակության անդամները շահարկել են օրեր առաջ ՀՀ ԱԺ-ում Մոլդովայի օմբուդսմենի ելույթը և դրա վերաբերյալ հայկական կողմից հնչած պատասխանը ու նշել են, թե իբր ՀՀ-ում չկա ժողովրդավարություն,քանի որ սահմանափակվել է Մոլդովայի օմբուդսմենի խոսքի իրավունքը: Ադրբեջանական կողմը ստահոդ հայտարարություններ է արել, թե իբր նրա ազատ տեղաշարժի իրավունքներն են սահմանափակվել:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ-ի միայն պատասխանողի դերում լինելը չէ՞ պատճառը, որ մեր իսկ խորհրդարանում Մոլդովայի օմբուդսմենը նման հակահայկական ելույթ ունեցավ: Գ. Մինասյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ ամեն հարթակում ամեն հարց քննարկել նպատակահարմար չէ, այնինչ Ադրբեջանը հակառակն անում է: Պիտի գոնե մենք չնպաստենք, որ նման հարթակները քաղաքական քննարկումների հարթակ դառնան: Բայց նրանց ցանկացած մեկ խոսքին` մենք հինգ-վեց հիմնավոր խոսք ենք հնչեցնում»:
Վեհաժողովի ընթացքում նաև թուրքական կողմն է հանդես եկել առաջարկությամբ հատկապես խնդրել է 2020-ի օլիմպիական խաղերում Թուրքիայի ներգրավումը: Այս կապակցությամբ Գ. Մինասյանն ասաց. «Օլիմպիական խաղերը, նախ և առաջ բաց սահմաններ են ենթադրում, այնինչ տարիներ շարունակ Թուրքիան շրջափակել է Հայաստանը»:
Կարդացեք նաև
Պարոն Մինասյանն անդրադարձավ նաև ՀՀ-ի ասոցացման հարցերին: Նա նշեց. «Մենք եվրոպական մշակույթ կրող ազգ ենք և այստեղ ասոցացման հետ կապված որևէ պրոբլեմներ չեն կարող լինել: Ունենք ակնկալիքներ օրինակ՝ տնտեսական խնդիրների կարգավորման, ժողովրդավարության առումով, կամ փակ սահմանների խնդիրն է, որ ակնկալում ենք, որ այդ դեպքում պիտի լուծվի: Այստեղ եվրոպական գործընթացները լիարժեք լինել չեն կարող, եթե պահպանվեն այդ փակ սահմանները: Ուստի չափազանց մեծ է հավանականությունը, որ նախաստորագրվի ասոցացման համաձայնագիրը»:
Այս առիթով Գ. Մինասյանին խնդրեցինք մեկնաբանել Լ. Զուրաբյանի այն դիտարկումը , թե թույլերին են միայն պարտադրում ընտրություն կատարել: Պարոն Մինասյանն ասաց. «Կյանքն ապացուցում է, որ կամ կամ այս բնագավառում չկա, կա՝ և, և»:
ՀՀ վարչապետի «օֆշորային» սկանդալի մասին հարցին էլ Գ. Մինասյանն այսպես պատասխանեց. «Վարչապետն արել է հնարավոր ամենաճշգրիտ քայլը՝ դիմել իրավապահ մարմիններին: Ես ինքս գիտեմ, որ այդպիսի հնարավորություններ կան՝ առանց անձի գիտության օֆշորում հաշիվ բացել»: Ինչ վերաբերում է Կիպրոսի դատախազի հայտարարություններին, թե առանց անձի գիտության հնարավոր չէ նրա անունով օֆշորում հաշիվ բացել, Գ. Մինասյանն ասաց. «Կարևորն այդ հայտարարության վերջին տողն է, թե ամեն առանձին գործ պիտի առանձին քննարկվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ