Թաթարստանի մայրաքաղաքում ընթացող 27-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում այսօր պայքարն սկսում են հունահռոմեական ըմբիշները:
Հայ մարզասերներն առանձնակի սպասելիքներ ունեն Լեւոն Ջուլֆալակյանի սաներից: Այսօր մրցագորգ են մտնելու մեր ուսանողական հավաքականի չորս ներկայացուցիչներ: 55 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը պայքարն սկսելու է երկրորդ փուլից եւ առաջին գոտեմարտն անցկացնելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքս Նովրիի հետ: Նույն փուլից է մեկնարկելու նաեւ 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը, որի մրցակցի անունը հայտնի է դառնալու որակավորման առաջին փուլի արդյունքով: Մաքսիմ Մանուկյանը՝ 84 կգ քաշային կարգ, ուժերը պետք է չափի գերմանացի Բաստիան Կուրցի հետ, իսկ գերծանր՝ 120 կգ քաշային Վաչիկ եղիազարյանի մրցակիցը լինելու է ճապոնացի Շորի Մաեկավան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ