Այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գյուղապետի ընտրության ընթացքում, 26/01 ընտրատեղամասի տարածքում մի փոքր միջադեպ գրանցվեց: Տիկնոջ զայրույթը նախ փորձեցին սաստել տեղի ոստիկանները, այնուհետեւ տիկինն ինքն իրեն հանդարտվեց եւ հեռացավ: Միակ բանը, որ հասցրեց տեսագրել մեր լրագրողը, տիկնոջ հետեւյալ խոսքերն էին. «Անմեղ մարդկանց տարած նստցրած, չգիտեն, ով է սպանել, լավ էլ գիդնան դրանք, թե ով ա սպանել: Դուխները հերիք չի էն ա բերանները բացեն: Հիվանդ մարդկանց, խեղճ մարդկանց, անփող, անփարա մարդկանց տարած նստցրած բերդ, չեն կարա իբր թե ապացուցեն, թե ով ա արել էդի: Դուխներդ չի հերիքա, թե ձեր պաշտոնից կվախենաք, կզրկվիք»,-ասաց տիկինը, հավելելով, որ իր ընտրությունը կայացրել է, ընտրելով` ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանին:
Հիշեցնենք, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության նախնական արդյունքները կամփոփեն եւ կարձանագրեն մինչեւ հուլիսի 15-ի ժամը 14-ը: Արդյունքների վերջնական ամփոփումը կիրականցվի հուլիսի 19-ին:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ