Այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի երկու ընտրատեղամասում (26/01, 26/02) քվեարկության մեկնարկը տրվել էր առավոտյան ժամը 8:00-ից: Գյուղապետի աթոռի համար պայքարում էին Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը եւ անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը:
Հանձնաժողովի նախագահ Արթուր Մկրտչյանը նորմալ է գնահատում ընտրության ընթացքը եւ նշում է, որ ոչ մի խախտում չի արձանագրվել, ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում:
Աշտարակի բնակիչ Արթուր Վարդանյանն իր կամքով է ներկա ընտրական տարածքում: Իր խոսքով` Պռոշյան գյուղի հետ առնչություն չունի, եկել է, որպեսզի հետեւի ընթացքին, հույս հայտնելով, որ նախորդ գյուղապետի ղեկավարման ընթացքում եղած ավանդույթները, նույն կերպով կշարունակվեն: Մեծ հարգանքով է խոսում նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի մասին. «Շատ լավ մարդ` ազնիվ, համեստ, մեծ հերոս, ով շատ բան արեց գյուղի համար, պարզապես գործն է կիսատ մնացել, իսկ գործը պետք է շարունակվի»,-ասաց նա, ցանկանալով, որ գյուղապետի գործը շարունակի նույն կուսակցության անդամը, իսկ հակառակ պարագայում, ըստ նրա` շատերը կփոխեն իրենց ծրագրերն ու մտադրությունները, դարձնելով` սովորական համայնք: «Ժողովուրդը պետք է հասկանա: Ես ժողովրդին հավատում եմ, միայն թե ժողովրդին չխաբեն, չմոլորեցնեն, լավ տղա եւ լավ կուսակցություն չխաղան»,-ընդգծեց նա:
Կարդացեք նաև
Իր խոսքով ասած, եթե այս ընտրություններում էլ հաղթեն «հանապետականները», ապա իր վերջին հույսն էլ է կորում, որ կարելի էր օրինակ ծառայել մնացյալ բոլոր համայնքների համար: «Ուզում եմ, որ իսկապես տեղական ինքնակառավարում լինի եւ ոչ թե սարքովի կատարածուներ լինեին հանրապետության բոլոր գյուղապետերը, որ մարդիկ չզզվեին, չթողնեին հեռանային իրենց հողից»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ