Հյուսիսային պողոտան երեկ երեկոյան սովորականից ավելի մարդաշատ էր: Անցորդների հետաքրքրությունը շարժում էին տեղադրված բասկետբոլային երկու վահանակները, հնչող ռիթմիկ երաժշտությունը եւ «Red Bill» մակագրությունով մարզաշապիկ հագած երիտասարդները, որոնք փորձում էին գնդակները դիպուկ նետել զամբյուղի մեջ:
Նրանք պատրաստվում էին մասնակցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական գործընկերությամբ բակային բասկետբոլի (սթրիթբոլ) ամենահայտնի մրցաշարի՝ Red Bull King Of the Rock 2013 պաշտոնական նախընտրական փուլի մեկնարկին, որն առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում: Իսկ մրցաշարի պայմանը հետեւյալն էր. հաղթողը սեպտեմբերին կմեկնի Սան-Ֆրանցիսկո՝ Հայաստանը ներկայացնելու համաշխարհային եզրափակչում եւ պայքարելու գլխավոր մրցանակի՝ «Ժայռի Արքայի» եւ $ 20 հազար մրցանակի համար: Ընդորում, եզրափակիչն ավանդաբար անցկացվում է նախկին Ալկատրաս կալանավայրում, որը վերածվել է թանգարանի եւ զբոսաշրջության խոշոր կենտրոն է:
Երեւանյան սթրիթբոլի անդրանիկ մրցաշարն անցավ դիտարժան, որին մեծապես նպաստեցին ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրված մրցավարները: Կանոնների համաձայն, իսկ դրանք մեծապես տարբերվում են սովորական բասկետբոլի կանոններից, վիճակահանությամբ օլիմպիական մրցակարգով միմյանց դեմ խաղացին մեկական մասնակիցներ՝ անկախ սեռից ու տարիքից: Մոտ հինգ ժամ տեւած պայքարի եզրափակչում հանդիպեցին Կարեն Հայրապետյանը եւ Անդրանիկ Նովենց-Աղաջանյանը, որտեղ հաջողությունն ուղեկցեց Կարենին եւ նա էլ նվաճեց Սան-Ֆրանցիսկոյի ուղեգիրը:
Նկարում. Սթրիթբոլի հաղթող Կարեն Հայրապետյանը
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ