Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխի նախանձը կամ ինչպես չթանկացնել տրանսպորտը

Հուլիս 14,2013 16:22

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ 2013 թվականի հուլիսի 7-ից մեկ խորանարդ մետր գազի դիմաց վճարելու ենք 156 դրամ` նախկին 132 դրամի դիմաց, իսկ էլեկտրաէներգիայի մեկ կվ/ժամ-ի համար` 38 դրամ  նախկին 30-ի դիմաց: Գազի վերջին թանկացումից հազիվ երեք տարի է անցել: Նույն հանձնաժողովի որոշմամբ 2010-ի  ապրիլի 1-ից 1 խմ գազը դարձավ 132 դրամ՝ նախկին 96 դրամի փոխարեն:

Ու որքան էլ տնտեսագետները պնդեն, որ գազը Ռուսաստանից դոլարով գնող, Հայաստանում դրամով վաճառող «Հայռուսգազարդը» ազնիվ չէ, սա «սեւ սրտի մխիթարանք» է` 156 դրամանոց գազը առաջ է բերում տրանսպորտի թանկացում: Մինչդեռ կարելի է գոնե տրանսպորտը չթանկացնել, եթե նման ցանկություն ունենան ՀՀ իշխանավորները:

Հուլիսի 7-ին գազը թանկացավ եւ արդեն նույն օրը օրվա երկրորդ կեսին լուրեր եղան, որ գազը 400-600 դրամ թանկ է գազալցակայաններում: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասում էր, որ լցակայաններում գազը այդքան չի թանկանա: Լցակայանները օլիգարխներին են կամ այլ խոսքով` Նազարյանի ասածը…

Բայց դե ՀՀ դեռ չարտագաղթած քաղաքացիներին դրանից ի՞նչ:  Նրանք ստիպված են լինելու տրանսպորտից օգտվելու համար 100 դրամից ավել վճարել:

Օլիգարխները ոչ միայն գազալցակայանի տեր են, ոչ միայն պատգամավոր են, ոչ միայն երկուսը միասին են, նաեւ երթուղագծերի տերեր են: Եթե օրիգարխը այնքան բարի լինի, որ մեքենայի օրվա պլանը նվազեցնի ընդամենը գազալցակայանում գազի 400-600 դրամ թանկացման չափով` 400-600 դրամ, կամ առավելագույնը 1000 դրամով` այլ խոսքով, վարորդը գազալցակայանում թողնի նախկին գումարն ու պլանից նվազած գումարը` այլ խոսքով նրա համար գծատիրոջն ու գազալցակայանին տրվելիք գումարներում փոփոխություն չլինի` ուղեւվարձն էլ չի թանկանա: Եթե 132 դրամանոց գազով աշխատող տրանսպորտը 100 դրամ արժեր, ապա 156 դրամանոց տրանսպորտն էլ կարող է նույնքան արժենալ` եթե հավելյալ գումարը տա ուղեւորից բացի ինչ որ մեկը: Մեկ ուղեւորի տեղափոխման ծախսերը չեն ավելանա, եթե մեքենան գազալցակայանում վճարի նախկին X եւ գումարած 1000 դրամ, իսկ գծատիրոջը` նախկին X եւ հանած 1000 դրամ:

Բայց այստեղ է, որ մեկեն ընդվզում է օլիգարխի նախանձը: «Եթե նա թանկացած գազից վնաս չի կրում ու դեռ մի բան էլ օգուտ է անում, ես ինչու պիտի պլանն իջեցնեմ, նույն օլիգարխը չե՞նք», ոչ այնքան գրական հայերենով մտածում է գծատեր օլիգարխը գազալցակայանի տեր օլիգարխի մասին ու ուղեւորափոխադրման գինը թանկացնելու հայտ ներկայացնում:

Ու այսպես իրար նախանձելով օլիգարխները նպաստում են թանկացմանը: Իսկ ՀՀ իշխանավորների մեջ չկա մեկը, որ իրականացնի «Պետության կարգավորիչ դեր» այնքան ծեծված սկզբունքը: Չկա ու հենց դրանից են մարդիկ արտագաղթում:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Համամիտ եմ…

    Օլիգարխի բարությունը այլ կարեւոր նշանակություն էլ կունենա… Ռուսաստանը կհասկանա, որ Հայաստանը կարող է առաց «ժողովրդի կաշին քերթելու» դիմակայել գազի գնի թակնացման քմահաճուքներին: Ու հեռու չի լինի այն օրը երբ գազի գնի ռուսական վերանայմանը հաջորդի Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանների հայկական վերանայումը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031