Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Ջիմի Վարթիվարյանը

Հուլիս 14,2013 12:55

Թեեւ Ջիմին Հայաստանում երբեք չի բնակվել, սակայն ամբողջ հոգով ու սրտով Հայաստանի հետ էր, Հայաստանում, ապրում էր Հայաստանով: Չկար տարի, որ մի քանի անգամ չգար Հայաստան: Ու միայնակ չէր գալիս: Ամեն անգամ հետը բերում էր մի քանի նորվեգացիների, որպեսզի տեսնեն, ճանաչեն Հայաստանը, հայերին:

Ջիմին, որ ծնվել է Լիբանանում, բայց բնակվում էր Նորվեգիայում եւ աշխատում էր Օսլոյի քաղաքապետարանում, մեծ աշխատանք էր կատարում Նորվեգիայի սակավաթիվ հայկական համայնքի պահպանման ու համախմբման համար: Անձամբ եմ մի քանի անգամ Օսլոյում ականատես եղել, թե ինչպես էր նա նորվեգացի իր ընկերներին ու ծանոթներին Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում պատմում Մեծ Մարդասերի եւ Հայաստանի ու հայերի սերտ կապերի ու ջերմ հարաբերությունների մասին:

Ջիմիի մասին անվերջ կարելի է պատմել: Դա կվկայեն Հայաստանի նրա բազմաթիվ ընկերները:

Ջիմին եղել է խճուղային հեծանվավազքի Լիբանանի չեմպիոն: Նա հատկապես կապված էր հայկական սպորտի հետ ու անում էր ամեն ինչ, դեռ մի բան էլ ավելի՝ թեկուզ, մի փոքր հայկական սպորտին օգտակար լինելու, աջակցելու: Դրա համար նա ոչ մի առիթ բաց չէր թողնում: Ջիմիի նախաձեռնությամբ, սկսած 1999 թվականից, Հայաստանի պատանի ֆուտբոլիստներն ամեն տարի նորվեգական կողմի ամբողջական ֆինանսավորումով մասնակցում էին ֆուտբոլի «Norwey Cup» մրցաշարին, որը, թերեւս, ամենամասսայական մարզական միջոցառումն է աշխարհում: Այդ մրցաշարին մասնակցել են «Փյունիկի», «Բանանցի», «Միկայի» պատանիները, աղջիկների՝ «Քոլեջ» ակումբը:

Ջիմի Վարթիվարյանը շատ էր կարեւորում «Համահայկական համաշխարհային խաղերը», բոլոր մարզական միջազգային միջոցառումները, որոնք կնպաստեին հայկական սպորտի զարգացմանը, միջազգային ճանաչմանն ու հեղինակության բարձրացմանը: Նա երազում էր կազմակերպել Նորվեգիայի եւ Սկանդինավյան երկրների հայ մարզիկների մասնակցությունը «Համահայկական համաշխարհային խաղերին»: Ավաղ, նրա այդ երազանքն անկատար մնաց:

Ջիմին այնքան էր կապված հայկական սպորտի հետ, որ անձնական միջոցներով մեկնում էր օլիմպիական խաղեր՝ Հայաստանի պատվիրակության հետ լինելու եւ մեր մարզիկներին ոգեւորելու:

Ջիմի Վարթիվարյանը նաեւ «Առավոտի» լավ ընկերն ու բարեկամն էր եւ ամեն անգամ Երեւան գալով՝ պարտադիր այցելում էր խմբագրություն:

Անբուժելի հիվանդությունը դաժանորեն Ջիմիին խլեց մեզանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031