«Հայտերը 10-ն են, դրանք ուսումանական հաստատությունների, հանրակրթական, նախնական, արհեստագործական եւ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին են»,-այսօր կրթության եւ գիտության նախարարությունում կայացած կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց Կրթության գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար, լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Մհեր Ղազարյանը:
Նրա պնդմամբ, քննարկվելու են բոլոր հարցերը, վերջում ամփոփվելու են արդյունքները: Կրթության գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը ներկայացրեց 10 հայտերը, հանձնաժողովի 4 անդամները միաձայն կողմ քվեարկեցին: Պրն. Մովսիսյանը ավելի մանրամասն ներկայացրեց «Հեքիաթ» մանկական կենտրոնի նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա ստանալու մասին եւ «Բերկուտ» քոլեջ ՍՊԸ-ի նախնական մասնագիտական կրթական ծրագրով, միջնակարգ հանրակարթական հիմքով թիկնապահական գործ եւ պահնորդական գործ մասնագիտությունների գծով լիցենզիա ստանալու մասին հայտերը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ