Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Սարգսյան. «Ֆուտբոլիստի համար 50 տարին իսկական տղամարդ զգալու տարիք է» (ֆոտոշարք)

Հուլիս 14,2013 10:37

Լրացավ 70-ականների վերջի եւ 80-ական թվականների Երեւանի «Արարատի» կենտրոնական պաշտպան Ալբերտ Սարգսյանի ծննդյան 50-ամյակը:

Հոբելյանի առիթով «Գոլդ Ջիմ» ընկերությունը երեկ «Միկա» մարզադաշտում ընկերական հանդիպում էր կազմակերպել «Արարատի» եւ ԽՍՀՄ տարբեր թիմերի ու հավաքականների կազմում տարբեր տարիների հանդես եկած ֆուտբոլիստների միջեւ: Իրենց թիմակցին խաղադաշտում աջակցում էին հայկական ֆուտբոլի այնպիսի ճանաչված անուններ, ինչպիսիք են Խորեն Հովհաննիսյանը, Ալեքսանդր Պոդշիվալովը, Արամ Վարդանյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Համլետ եւ Հակոբ Տեր-Պետրոսյանները,  Սամվել Պաղոսյանը, Արթուր Քոչարյանը, Արամ Ոսկանյանը, Ռաֆայել Գալստյանը, Բաբկեն Մելիքյանը, Վարդան Խաչատրյանը եւ ուրիշներ, իսկ ԽՍՀՄ հավաքականի կազմում նախկին մրցակցի դեմ ելել էին Եվգենի Նովիկովը, Գենադի Գրիշինը, Վալերի Շմարովը, Եվգենի Գորշկովը, ավագ եւ կրտսեր Եվգենի Լովչեւները, Ալեքսանդր Թարխանովը, Վյաչեսլավ Շավեյկոն, Եվգենի Կոլոտովկինը եւ այլոք. անուններ, որոնք քաջ հայտնի են ավագ տարիքի ֆուտբոլասերներին, որոնք, չնայած իրենց նախկին կուռքերն արդեն ճաղատացած են, բայց միեւնույն է, ճանաչում էին անուն առ անուն հենց առաջին հայացքից:
Երկու թիմերի բոլոր ֆուտբոլիստներն էլ խաղում էին մեջքին «Սարգսյան 50» մակագրությամբ մարզաշապիկով: Ու թեեւ հանդիպումն ավարտվեց 5:4 հաշվով՝ հօգուտ «Արարատի», սակայն հաղթեցին հին ընկերությունը, երիտասարդ տարիների անմոռանալի հիշողությունները:
Խաղից հետո Ալբերտ Սարգսյանը Aravot.am- ին ասաց. «Շնորհակալ եմ «Արարատի» իմ թիմակիցներին, մեր նախկին մրցակիցներին, որոնց հետ թեեւ խաղադաշտում անզիջում ախոյաններ էինք, բայց կյանքում՝ լավ ընկերներ: Ու պատահական չէ, որ նրանք այս խաղի համար կտրել-անցել են հազարավոր կիլոմետրեր: Շնորհակալ եմ հայ ֆուտբոլասերներին, որ այսօր էլ երկրպագում էին այնպես, ինչպես մեր լավ տարիներին: Շնորհակալ եմ «Գոլդ Ջիմ» ընկերությանը, որ կազմակերպեց ինձ համար հուզիչ այս միջոցառումը: Շնորհակալ եմ ձեզ՝ լրագրողներիդ, որ եկել եք լուսաբանելու այս հանդիպումը: 50 տարին հատկապես ֆուտբոլիստի համար իսկական տղամարդ զգալու տարիք է: Ու դա նրանք ապացուցեցին այսօր՝ խաղադաշտում: Ցանկանում եմ, որ ֆուտբոլն ավելի սիրելի սիրելի մարզաձեւ դառնա եւ մեր՝ Հայաստանի թիմերին ու հավաքականներին մաղթում եմ միայն հաղթանակներ»:

PrevPhoto
NextPhoto

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031