Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքի շահագործման նախագծի վերաբերյալ Գլաձոր համայնքում տեղի են ունեցել հասարակական լսում:
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնից տեղեկացանք, որ հանքի շահագործման իրավունքը ձեռք է բերել «ՎայքՌեսուրս» ՍՊԸ-ն, որը պատրաստվում է հանքը 99 տոկոսով շահագործել փակ եղանակով, 1 տոկոսը` բաց: Հանքի բաց եղանակով շահագործումը նախատեսվում է իրականացնել 2 տարվա ընթացքում` աշխատելով միայն տարվա 6 ամիսներին, իսկ փակ եղանակով շահագործումը` 28,5 տարի: Ըստ նախագծի հանքի տարածքում Կարմիր գրքում գրանցված նստակյաց կենդանիներ չկան, բաց հանքի տարածքում սոտրերկրյա ջրեր չեն հայտաբերվել, իսկ փակ հանքի տարածքում առկա ջրերի 3 5տոկոսն օգտագործվելու է շահագործման աշխատանքների կազմակերպման համար: Աղտոտված ջրերի համար տեղադրվելու է մաքրման կայան, որի արդյունքում մաքրված ջրի 99,9 տոկոսը հնարավոր կլինի նորից օգտագործել:
Հանքի շահագործման համար Գլաձոր համայքնի վարչական տարածքից շահագործող ընկերությանը տրամադրվելու է 11 հեկտար հողատարածք, որի դիմաց տարեկան համայնքի բյուջե է մուտքագրվելու 65 միլիոն դրամ: Հանքի շահագործման դեպքում բաց հանքում ստեղծվելու է 52, իսկ փակ հանքում՝ 200 աշխատատեղ: Շահագործող ընկերության իրավասուների հավաստմամբ շրջակա միջավայրի վրա նախագծով հաշվարկված բացասական ազդեցությունը նորմայի սահմաններում է:
Գլաձոր գյուղացիների մի մասը, սակայն, լսումների ժամանակ ասել են, որ իրենց պետք չէ հանքի շահագործումը: Ով էլ կողմ է հանքի շահագործմանը պայման ունի` հանքաքարի մշակում տեղի չունենա մարզի տարածքում: