Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Ուզում եմ՝ հայերը հասկանան, թե ինչու են հայերը փախչում Հայաստանից» (տեսանյութ)

Հուլիս 13,2013 22:20

«Ոսկե ծիրան»  միջազգային կինոփառատոնի շրջանակներում այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին՝ «Հայկ. Փախուստ» ֆիլմը, ներկա էր նաեւ Արտավազդ Փելեշյանը:

«Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը ներկայացրեց կինոռեժիսորի ֆիլմը: Իսկ ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանը նրան իր կակաչներով կտավը նվիրեց:

«Պարզվում է՝ ես չեմ մեծացել…Երբ տեսա, որ Արտավազդ Փելեշյանն է եկել ֆիլմս նայելու, վախից մի բաժակ օղի խմեցի, այնպես որ կարող է այսօր փառատոնի փակումը չլինել»,-կես կատակ-կես լուրջ ասաց Հարություն Խաչատրյանը:

Ապա խոսելով ֆիլմի մասին հավելեց, որ այն հեռուստատեսության համար արված ֆիլմ է, ու հատկապես հայերեն խոսող ու հասկացող հայերի համար. «Ֆիլմում 90 տոկոսը խոսակցություն է…Ես ուզում եմ, որ հայերը լսեն ու հասկանան, թե ինչու են հայերը փախչում Հայաստանից»:

Հերոսը Հայկ անունով մի հայ է, որ հայրական տունը Կարմիրում է, բայց ինքը հեռացել է Հայաստանից ու հայտնվել Հեռավոր Արեւելքի Տիր գյուղում, այնպիսի մի տեղ, որ իրեն փնտրեն ու չգտնեն: Հարություն Խաչատրյանը շուրջ քսանհինգ տարի շարունակ նկարել է այդ մարդուն Ռուսաստանի տարբեր անկյուններում դեգերելիս, մարդը մեկ տունդրայում է, մեկ Կամչատկայում Սարոյան է բեմադրում, մեկ էլ Մոսկայի մոտակայքում է: Նա ապրում է՝ ինչպես միայնակ գայլ, բայց իրեն մենակ չի համարում. «Մենակ չեմ, ժամանակի, պատմության հետ եմ ապրում»: Հայկը չի ուզում վերադառնալ Հայաստան, ասում է՝ կարող է մարդ ապրի իր ծննդավայրում, բայց ազգին վնաս տա իր՝ էդտեղ ապրելով, մյուս կողմից էլ այդ հակասական ու բարդ հերոսը հետեւյալ կարծիքի է. «Ավելի լավ է քո հողում մնաս որպես չքավոր, քան՝ ուրիշի հողում թագավոր»:

Հայկը հեռացել է, փնտրտուքի մեջ է՝ ով է ինքը, ինչ է անում այս մոլորակի վրա ու զարմանում է իր կարծիքով անտեղի հարցերից. «Եթե իմանայի ով եմ ես, ամեն ինչ կվերջանար…

Առաջին հայացքից կոշտուկոպիտ այս մարդը հայկական եկեղեցի է այցելում, հաղորդություն ստանում, հոգեւորականի ձեռք համբուրում, ռեստորանում «Կռունկ» լսելիս հուզվում է…

Տպավորիչ է ֆիլմի ավարտը. Հայկը  հայկական գերեզմանատանն է՝ այդտեղ հայկական ազգանուններով տապանաքարեր են…ավելի վաղ ինքը երազում էր վերադառնալ հայրենի տուն, նույնիսկ տղա ունենալ, քանի որ առաջին կինն ընդամենը երկու դուստր է պարգեւել եւ իրենց ցեղը չի կարող շարունակվել:

Հարություն Խաչատրյանը Aravot.am-ին տված հարցազրույցներից մեկում ասել էր, որ բոլոր ֆիլմերն ուսումնասիրություններ են. «Ինձ միշտ էլ հետաքրքրել է, թե ինչու են մարդիկ հեռանում…ուղիղ 25 տարի է՝ նկարում եմ այդ մարդկանց, ամեն 6-7 տարին մեկ գնում-գտնում եմ նրանց: Սկզբում մտածում էի, թե մեկ ֆիլմ կդառնա, բայց այնքան նյութ հավաքվեց, որ հասկացա՝ ֆիլմերի շարք է լինելու: Ամեն մարդը, ամեն ճակատագիրը մեկ ֆիլմ է: Լուրջ ուսումնասիրություն է արված՝ առանց պրետենզիաների, առանց մեղադրանքի եւ առանց գովելու: Կարծում եմ՝ չկա այնպիսի մարդ, ում չհետաքրքրի, թե ինչո՞ւ են հեռանում Հայաստանից եւ ինչո՞ւ վերադառնում: Արդյոք դա ազգային հատկանի՞շ է, թե՞ իրավիճակից է բխում: Իմ ցանկությունը ոչ թե ընդգծելն էր փախչելու կամ վերադառնալու ձեւը, այլ ուզում էի մարդկանց այդ հարցի շուրջ լրջորեն անհանգստանալու եւ մտածելու առիթ տալ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նելլի says:

    Կինոյի համատարած տաղտկության մեջ մի լուսավոր կետ էր, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հայտնի հերոսը, որի շուրջը կարելի է պտտվել, պտտվել…
    Սակայն սառը ցնցուղ էր համացանցում հայտնված կադրերը, որտեղ փառատոնի մեծարգո մասնակիցները այսպես ասած տժժում էին մեղմ ասած ոչ որակով երաժտության ներքո:
    Խնդրում եմ մի փշրեք մեր երազանքները

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031