10-րդ՝ հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այսօր փակվեց ռեժիսորներ Սերժ Ավեդիկյանի եւ Ալյոնա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով, որը ավարտին դահլիճը պայթեց բուռն ծափահարություններից: Նկարը չորս երկրի՝ Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, համատեղ նախագիծ է:
Փարաջանովին մարմնավորել էր ինքը՝ Սերժ Ավեդիկյանը, ով խոստովանեց, թե Փարաջանովին մարմնավորելը մեծ պատասխանատվություն էր:
«Ինչպես Փարաջանովը, այնպես էլ այս ֆիլմը սահմաններ չունի…Փարաջանովը պատկանում է վրացիներին, հայերին, ուկրաինացիներին, անգամ ֆրանսիացիներին, որովհետեւ այնտեղ էլ են նրան սիրում, որովհետեւ փարաջանովյան արվեստը համամարդկային է»,-ասաց Սերժ Ավեդիկյանը՝ շեշտելով, որ ֆիլմը գեղարվեստական է:
Ֆրանսահայ ռեժիսորը նաեւ խնդրեց իր ֆիլմը նայել ազատ հոգով, ազատ աչքերով ու բաց ականջներով:
Կարդացեք նաև
«Փարաջանովը» կուռ էր, ազդու, խենթ հանճարի կերպարն էլ՝ իր տարօրինակություններով, օրիգինալությամբ ու գեղեցիկի ուրույն գնահատմամբ, համոզիչ:
Ռեժիսորները կարողացել էին ցույց տալ խորհրդային ռեժիմի էությունը, ռեժիմ, որ ճզմում էր հանճարներին, ստորացնում, «համահարթեցնում», գլխատում էր՝ սոցռեալիզմից ու խորհրդային ինտերնացիոնալիզմից շեղված ամեն համարձակ ու գեղեցիկ միտք:
«Ես Փարաջանովն եմ, ապրում եմ Թիֆլիսի իմ հայրական տանը, որի կտուրը անձրեւի ժամանակ կաթում է, ու ես ստիպված քնում եմ անձրեւանոցով, սակայն երջանիկ եմ, ինչպես Ֆելինիի ֆիլմերում»,- Ֆրանսիայում հայտարարում է «դրսում» մեծ ճանաչում ունեցող, բայց Խորհրդային Միությունում փառքը ապաշնորհների կողմից կողոպտված Փարաջանովը:
Իսկ հարցին՝ ով ես դու, նա պատասխանում է. «Ես հայ եմ, ապրում եմ Թիֆլիսում, մեղադրվում եմ ուկրաինական նացիոնալիզմի մեջ…Ես ուր էլ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարում, եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր»
Անչափ հուզիչ ֆիլմ էր, որ դիտվեց մեկ շնչով, իսկ դժբախտ ու խորհրդային մեծամասնության քիմքին ոչ հարմար ֆիլմեր ստեղծող հանճարի միայնությունը արցունքներ «քամեց» հանդիսատեսի աչքերից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ