Ընդդեմ պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչության հայցով ՀՀ վարչական դատարան էին դիմել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներ, անհատ ձեռնարկատերեր Անահիտ Շիրինյանը, Գեւորգ Հովհաննիսյանը, Վահան Հովհաննիսյանը, Արտակ Անտոնյանը, Էլմիրա Ավակովան, Միխայել Բադալյանը, Վալերի Բաբաջանյանը, Հասմիկ Միսակյանը, ժանետա Հարությունյանը, Սանամ Մանուկյանը; Նրանք պահանջել են բավարարել Իջեւանի տարածքային հարկային տեսչության 2012թ. նոյեմբերի 6-ի միջամտող վարչական ակտերը վերացնելու եւ հսկիչ-դրամարկղային մեքենաները գրանցելուն պարտավորեցնելու իրենց պահանջը: Այս գործով որպես երրորդ անձ է հանդես եկել «Էլագրա» ՍՊԸ-ն:
Հայցվորները դատարանին հայտնել են, որ 2012թ. հոկտեմբերի 29-ին նոտարական կարգով կնքել են անշարժ գույքի ենթավարձակալության պայմանագրեր, որոնցով իրենցից յուրաքանչյուրը «Էլագրա» ՍՊԸ-ից ամսական մեկուկես միլիոն դրամով վարձակալել է 140 քառակուսի մետր մակերեսով վաճառատեղ: Հարկային տեսչությունը միջամտող վարչական ակտերով ժամանակավորապես մերժել է անհատ ձեռնարկատերերի հսկիչ –դրամարկղային մեքենաների գրանցումը:
Իջեւանի հարկային տեսչությունն առարկել է հայցի դեմ, հայտնելով, որ հայցվորներն իրենց պայմանագրերը կնքել են «Էլագրա» ՍՊԸ-ի հետ, որը գործունեություն չի իրականացնում, քանի որ տոնավաճառը գտնվում է սահմանամերձ տարածքում, ունի որոշակի առանձնահատկություններ: «Դատալեքս» տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ 2013թ. հուլիսի 9-ին վարչական դատարանը ( դատավոր՝ Քրիստինե Մկոյան) վճռել է բագրատաշենցի 10 անհատ ձեռնարկատերերի հայցը բավարարել, Իջեւանի տարածքային հարկային տեսչության միջնորդող վարչական ակտերը անվավեր ճանաչել, հարկային տեսչությանը պարտավորեցնել գրանցելու անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենաները: Դատարանը վճռել է Իջեւանի հարկային տեսչությունից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 80 հազար դրամ պետական տուրքի գումար եւ հօգուտ 10 անհատ ձեռնարկատերերից յուրաքանչյուրի բռնագանձել 10 հազարական դրամ՝ որպես փաստաբանական ծառայության ծախս: Սույն վճիռը մեկամսյա ժամկետումկարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ