Բուլղարիայում` Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական համագործակցության 41-րդ վեհաժողովի ընթացքում, ադրբեջանական ու հայկական պատվիրակությունների միջեւ տեղի ունեցած բախման պատճառը ադրբեջանական պատվիրակության անդամ Ասադ Հաջիեւի ելույթն է եղել, ով նկարագրելով իր երկրի խնդիրները, ասել էր, թե Ադրբեջանը կարող էր տուրիզմի բնագավառում ավելի շատ հաջողություններ ունենալ, եթե իր տարածքի «20 տոկոսն օկուպացված չլիներ» Հայաստանի կողմից: Այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, հավելելով, որ հայկական կողմից պատվիրակության կազմում են եղել եւս 3 ներկայացուցիչ` ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը:
Այս տարի վեհաժողովի օրակարգային հարցերից հիմնական թեման եղել է տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման թեման, որի քնննարկման ընթացքում ելույթներ են ունեցել ազգային պատվիրակությունների ղեկավարները: «Ադրբեջանի մեջլիսի պատգամավորն իր ելույթում, իրեն իրավունք վերապահեց խոսելու մարդու իրավունքների, ազատ խոսքի եւ ազատ տեղաշարժման մասին, անդրադառնալով Հայաստանում մոլդովացի տիկնոջ արած հայտարարությանը եւ այս կերպ պնդելով, որ, եթե նման տեսակետ արտահայտած մարդը Հայաստանում հալածանքների եւ սպառնալիքների է ենթարկվում, ապա Հայաստանը չի կարող հավակնել տուրիզմի համար բարենպաստ երկրի կարգավիճակին»,-ներկայացրեց Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ մոլդովացի տիկինը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», որին անմիջապես հաջորդել էր ադրբեջանական մամուլի կողմից ստահոդ տեղեկություն, թե Հայաստանում տիկնոջը ենթարկում են հալածանքների:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ սկանդալային այդ պատմությունը սկսվեց ադրբեջանցիներից, սակայն իրենք կարողացել են հուժկու հակահարված տալ, հիշեցնելով` Սաֆարովի հերոսացման փաստը. «Այլ պատվիրակության անդամներ եւս մեր օգտին հանդես եկան, մասնավորապես Ուկրայինայի պատվիրակության անդամները: Մենք կարողացանք մեր տեսակետը հայտնել ոչ միայն տասնմեկ պատվիրակության ներկայացուցիչներին, այլեւ ներկա գտնվող լրատվամիջոցներին»,-ընդգծեց նա, հավելելով, որ բանավեճ որպես այդպիսին չի եղել, քանի որ Ասադ Հաջիեւն իր ելույթից անմիջապես հետո լքել է տարածքը եւ այդ օրն այլեւս չի վերադարձել, որը վկայում է այն մասին, որ իրենց նպատակը բանավիճելը չէր, այլ պարզապես իրենց կառավարությանը ցույց տալ, որ իրենք կարողացել են տեսակետ հայտնել եւ դուրս գալ: «Այլ նպատակ նրանք չէին հետապնդում, քանի որ մեր ելույթներին ու հարցապնդումներին ի պատասխան որեւէ բան չասվեց: Մենք մշտական շփման մեջ ենք բոլոր պատվիրակության անդամների հետ եւ ադրբեջանական պատվիրակության անդամների ելույթները, որեւէ ազդեցություն չեն ունեցել մեզ վրա»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին, ապա նստաշրջանի ընթացքում Հայաստանը հրաժարվել է սատարել 2020 թվականի Օլիպիական խաղերը Թուրքիայում անցկացնելուն. «Մեզանից բացի բոլոր պատվիրակությունները կողմ են քվեարկել այդ առաջարկությանը: Մենք խաղաղություն եւ համաձայնություն չենք տեսնում Թուրքիայում»,-ասաց Գագիկ Մինասյանը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ