«Ես հիշողության հետ խնդիրներ ունեմ, երեւի տարիքի բերումով է, այն մարդը չեմ, ով շատ է սիրում խոսել: Հնում մարդիկ պատրաստ էին հերթերով սպասել ֆիլմ նայելու, մենք պատրաստ էինք այդ ժամանակ սովորել: Սիրում էի իտալացիներին, ֆրանսիացիներին, խցիկի ազատ շարժումը, ասում էին խցիկը գրիչ է, կարելի է նկարել, գրել նրանով: Հետագայում հասա հստակության եւ պարզության: Կամաց-կամաց այդ հզորությունն անցավ հեռուստատեսություն»,- այսօր «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում Հետահայաց ցուցադրություններից խոսեց ռեժիսոր Իշտվան Սաբոն:
Նա հունգարացի հռչակավոր կինոռեժիսոր է, «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ: Փառատոնի շրջանակներում ներկայացված են նրա լավագույն ֆիլմերից՝ «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում: Մասնավորապես՝ «Հայրը», «Մեֆիստո», «Գնդապետ Ռեդլ», «Վստահություն», «Լինել Ջուլիան», «Կողմերի կարծիքները» ֆիլմերը:
Կինոռեժիսորի պնդմամբ մարդիկ երբեք լուռ չեն դիտում ֆիլմերը, զրուցում են, չաչանակություն անում, հիմա էլ եկել է համացանցը, տեխնիկապես հիմա յուրաքանչյուր ոք դրոշմանիշի չափով կարող է տեսնել Միքելանջելոյի եւ այլ մեծերի նկարները, անգամ հեռախոսի մեջ կարող են ներբեռնել, ինչը ծիծաղելի է. «Այսօր շատերը կինոթատրոններ գալիս են իրենց զգեստները ցույց տալու համար, կամ հեռախոսներով սոցցանցեր մտնելու համար, դա սարսափելի է»:
Իշտվան Սաբոյի խոսքով, իշխանության համար միշտ էլ կարեւոր է, որ իրենց շրջապատեն տաղանդավորները: Տաղանդավորն իր ձեռքին ունի տաղանդ, որը ցանկանում է օգտագործել, ուզում է ստեղծագործել: Ինչ վերաբերում է փառատոներին, կինոռեժիսորը համոզված է, որ դրանք շատ կարեւոր են. «Հայ հանդիսատեսը սիրում է այն ֆիլմերը, որոնք ասելիք ունեն, ոչ թե ծախվելու համար են: Ֆիլմերն այնպես պետք է նկարել, որ վաճառվեն` պետք է հստակ արտահայտվես, պահապանես հետաքրքրությունը, մարդկանց դրդես մտածելու եւ զգալու, մինչդեռ, երբ ուզում ես վաճառել, պետք չէ, որ մարդիկ մտածեն, միայն պետք է գումար տալ եւ վերջ: Երբ ես հրավիրում եմ մարդկանց իմ ֆիլմերը դիտելու, ես խլում եմ նրանց կյանքից երկու ժամ, երբ կա միլիոն հանդիսատես, անգամ չեմ ուզում հաշվել թե այդ ամբողջը քանի ժամ կկազմի, միայն խնդրում եմ բոլորին, որ իրենց ֆիլմերով ինչ որ բան սովորեցնեն, մատուցեն, չէ որ այդքան ահռելի ժամանակ է ծախսվում մարդկանց կյանքից: Դա մեծ պատասխանատվություն է»:
Կարդացեք նաև
Բանախոսի համոզմամբ շատ կինոգործիչներ իրենց բժիշկներ են, երբ բժիշկը չի բուժում հիվանդին, ապա տուն է ուղղարկում, դա սխալ է: Նա երբեք չի նկարահանի ֆիլմ, որում որպես ելք ինքնասպանություն քարոզվի` արվեստը պետք է տոնի մի բան, դա կյանքն է: Հանդիսատեսին պետք է հնարավորություն ընձեռել, որ հասկանա, որ կյանքը մեկ անգամ է տրվում, պետք է վայելել, նման բան այլեւս չի կրկնվի. «Սերն է պակասում այսօր, էմոցիաները: Սերը սովորել հնարավոր է, երբ երեխաներին դաստիարակում են առանց սիրո, նրանցից ուրիշ սպասելիք չպետք է ունենալ, իրողությունը սա է»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ