«Մինչ Հայաստանում բոլորը բանավիճում են Եվրոպական, թե Եվրասիական ընտրություն անել, Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր ընտրությունն ըստ երեւույթին արդեն արել է, միանալով` եվրասիական տնտեսական տարածքին, որի մասին վկայում է այն փաստը, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է դիմում` սակագնի փոփոխման վերաբերյալ եւ այս դիմումին կից մի մասը եղել է ռուսերեն լեզվով, որը ստորագրել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատակիցներ` տեխնիկական վարչության պետ Հակոբյանը եւ տնտեսական վարչության պետը»,- այսօր այս մասին «Արմատ» մամուլի ակումբում ասաց «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը:
Ըստ բանախոսի` սա վկայում է, որ նրանք չեն պահպանել անգամ ՀՀ լեզվի մասին օրենքի դրույթները: «Ընդունել են փաստաթղթեր, որոնք ոչ միայն իրենց բովանդակությամբ չեն հիմնավորում գազի սակագին բարձրացնող անհրաժեշտությունը, այլ նաեւ, որպես փաստաթուղթ այդպիսին համարվել չէր կարող, համաձայն Հայաստանի օրենսդրության պահանջներին»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ նախաձեռնության անդամները բազմիցս դիմել են հանձաժողովին, պահանջելով, մասնավորապես սահմանի վրա գազի սակագնին վերաբերող պայմանագիրը եւ մնացյալ բոլոր փաստաթղթերը. «Հանձնաժողովը այդպես էլ չտրամադրեց գազի գնի սակագնի վերաբերյալ պայմանագիրը, ինչը վկայում է, որ թափանցիկ չի եղել: Քաղաքացիները գրավոր դիմել էին հանձնաժողովին, պահանջելով, որ նիստի ժամանակ, օրենքով սահմանված կարգով, իրենց տրամադրվի հնարավորություն` ելույթներ ունենալու համար, սակայն հանձնաժողովը զրկեց քաղաքացիներին այդ հնարավորությունից: Նիստի օրը փակել էին գրասենյակի դուռը եւ մեր քաղաքացիները զրկված են եղել մասանակցությունից: Հրապարակային եւ բացահայտորեն խախտվել է օրենքը եւ սա պատշաճ իրավական հիմք է դատարան դիմելու համար»:
Նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանն էլ նշեց, որ այս ամենը հիմք է հանդիսացել, որ իրենք հայցով դիմեն վարչական դատարան՝ պահանջելով, որ այն հանձնաժողովին պարտավորեցնի նոր որոշում կայացնել գազի սակագնի վերաբերյալ:
Կարդացեք նաև
«ՀայՌուսգազարդը» ընկերությունում մեր ունեցած 20 տոկոս բաժնեմասը «ՀայՌուսգազարդը» պատրաստվում է վաճառել ռուսական «Գազպրոմին», Ա. Գրիգորյանը կասկածում է, որ Հայաստանն «ՀայՌուսգազարդում» ունի 20 տոկոս, ենթադրելով, որ այդ 20 տոկոսն անցյալ տարվանից է դեռ տրամադրվել ռուսական կողմին, իսկ եթե ոչ, ապա կտրամադրվի գաղտնի կերպով:
Նախաձեռնության մեկ այլ ակտիվիստ Անի Կաղինյան էլ հայտարարեց, որ իրենք նամակով դիմել են Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը` 20 տոկոս բաժնեմասի վերաբերյալ, որի պատասխանը ստացել են երեկ. «Պատասխանում նշված էր, թե գործընթացը դեռ բանակցային փուլում է: Ես առաջարկում եմ 20 տոկոսը տրամադրել հանրությանը եւ հանրության յուրաքանչյուր անդամի հնարավորություն կընձեռվի ինքնուրույն տնորինել այդ քսան տոկոսը, իսկ եթե այդ քսան տոկոսն էլ վաճառենք Ռուսաստանին, ամբողջությամբ կլինենք կախվածության մեջ եւ մի օր կկանգնենք փաստի առաջ»,-ասաց Կաղինյանը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ