Այս օրերին Հայաստանում գտնվող 40 սփյուռքահայ, հայաստանցի եւ արցախցի երիտասարդներին միավորել է Համազգային հայ կրթական եւ մշակութային ֆորումը, որն այս տարի անցկացվում է քսաներորդ անգամ: Ֆորումին մասնակցում են Լիբանանի, Սիրիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Վրաստանի, Կիպրոսի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի երիտասարդները: Նպատակը` աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելը, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելն է:
Այսօր` հուլիսի 13-ին, ԵՊՀ հյուրերի տանը տեղի ունեցավ ֆորումի բացումը, ֆորումը կտեւիի մինչեւ հուլիսի 29-ը: Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը ողջունեց ֆորումի մասնակիցներին, ծրագիրը անվանելով հայրենաճանաչ` խոստանալով , որ իրենք երիտասարդներին կներկայացնեն Հայաստանն առանց դիմահարդարման. «17 հրաշալի օրերի ընթացքում կտեսնեք բեղուն մշակութային կյանք, համալսարաններ: Ցանկանում եմ, որ մեր ֆորումը 17 օրերի ընթացքում ունենա սահուն ընթացք»:
Մասնակիցների օրակարգը արդեն որոշված է` այցելություններ Արցախ, Էջմիածին, քննարկումներ, տարբեր թեմաներով դասախոսություններ, խմբակային աշխատանքներ, տարբեր մրցույթներ:
Կրթական ֆորումի ընդհանուր պատասխանատու Նորա Թոսչյանը երիտասարդներին հորդորեց հետեւել ֆորումի կանոնակարգին` չխմել, գիշերը ժամը 1-ից ուշ չվերադառնալ ԵՊՀ հյուրերի տուն, որտեղ էլ երիտասարդները պետք է հանգրվանեն:
Մասնակիցներից Սուսաննա Մանուկյանը եկել է Ավստրալիայից Երեւան, ինչպես ասում է` մեծ հույսերով: Կարո Վաթյանը Լոս Անջելեսում է բնակվում, նա ֆորումին մասնակցում է` ակնակելով. ընկերային մթնոլորտ, հաճելի միջավայր:
Կարդացեք նաև
Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ