Ամենավաճառվող գրող Քրիս Բոհջալյանը երկար ժամանակ է ծախսել Տոսկանայում տեղի ունեցող իրադարձությունների վրա գիրք գրելու ճանապարհներ գտնելու համար: Եվ վերջապես գտավ, երբ իր դուստրը խաղաց «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ: Գրում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ ամերիկահայ գրողի հետ անկացրած հարցազրույցի նախաբանում՝ նշելով, որ Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկը» գիրքը Թուրքիայում հայերի կոտորածների մասին է: Եվ հարցին, որ այդ գրքի թեման ավելի մոտ լինելով իր անձին՝ բարդացրել, թե հեշտացրել է գործը, Բոհջալյանն ասել է. «Երբեմն գիրքը պարզապես գիրք է, իսկ երբեմն այն դառնում է առաքելություն: «Ավազե ամրոցի աղջիկը» ինձ համար դարձել էր անձնական խորը առաքելություն: Հայկական սփյուռքից զատ, աշխարհի մեծ մասը ոչինչ չգիտի Հայոց ցեղասպանության մասին: Ես ցեղասպանությունը վերապրածի թոռ եմ, այնպես որ ինձ համար կարեւոր էր պատմել պատմությունը ու պատմել այնպես, որ բոլորն ուզենան կարդալ այն, որը ես ներկայացրի որպես սիրո պատմություն»:
Լրագրողը նշելով, որ Բոհջալյանն ասել է՝ «Ավազե ամրոցի աղջիկը»-ը օգնել է իրեն հասկանալ իր հոգու աշխարհագրությունը, խնդրել է համեմատել այն իր վերջին՝ «Լույսը ավերակներում» վեպի հետ: Ինչին գրողը պատասխանել է. «Լույսը ավերակներում»-ը այլ տիպի գործ է, որովհետեւ այն կապ ուներ տարածքի հետ, որտեղ ես լինում եմ: Արդեն 10 տարի է ես Տոսկանա եմ գնում ամեն ամառ: Այդ տարածքը իմ հոգու աշխարհագրությունը չէ, ինչպես Հայաստանը, բայց ինչ-որ կերպ այն իմ ընտանիքի աշխարհագրությունն է»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ