Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մեկնարկած «Ավելի մաքուր Երեւան» կարգախոսով ծրագրի շրջանակում սանմաքրման աշխատանքներ են կազմակերպվել Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր բլուր» արգելոց–թանգարանի տարածքում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքն ավելի մաքուր տեսնելու քաղաքապետի կոչին միացել են շուրջ 400 կամավոր, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումների եւ վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների եւ երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ: Հնավայրի տարածքի մաքրմանը մասնակցել են նաեւ վետերաններն ու ՀՀ Ոստիկանական ակադեմիայի կուրսանտները: Աշխատանքներին ներգրավվել են աղբատար ու ջրցան մեքենասարքավորումներ:
Երեւանի քաղաքապետարանի կամունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ աղբի կուտակման վայրեր դարձած մի շարք հանգստի գոտիներ, կանաչապատ տարածքներ ու մայրաքաղաքի կարեւոր նշանակություն ունեցող այլ վայրեր, նախաձեռնության շնորհիվ ոչ միայն մաքրում են աղբից, այլեւ այդպիսով փոքր, բայց շատ կարեւոր ներդրում է կատարվում դրանց պահպանման հարցում:
Հաջորդ շաբաթ «Ավելի մաքուր Երեւան» ծրագիրը կընդգրկի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքը: