«Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած մի խումբ սփյուռքահայ երիտասարդների հետ հուլիսի 12-ին հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ հիսունից ավել սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ:
Հանդիպման առանցքը ազգային բանակն էր: Բացման խոսքով հանդես եկած ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը կարեւորել է աճող սերնդի հայրենասիրական դաստիարակությունը եւ ընդգծել` ՀՀ պաշտպանության նախարարությունը կարեւորում է հայրենիքի սահմաններից դուրս ապրող երիտասարդների մասնակցությունը հայրենիքի բարգավաճման եւ հզորացման գործին:
«Դեպի Հայք» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Սեւան Կաբակյանը շնորհակալություն հայտնելով կազմակերպված ընդունելության համար, նշել է, որ ծրագրի շրջանակներում Հայաստան այցելող սփյուռքահայ երիտասարդներն ունեն մի ընդհանուր նպատակ` ծանոթանալ Հայաստանի Հանրապետությանը, նրա մասը կազմել, մասնակցել հայրենիքի պաշտպանությանը եւ իրենց փոքրիկ ներդրումն ունենալ մեր պետության զարգացման գործում:
Կարդացեք նաև
Իսկ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ասել է «Մեծ պատիվ է յուրաքանչյուր տարի «Դեպի Հայք» հիմնադրամի, «Արի տուն» ռազմահայրենասիրական-ճանաչողական ծրագրերի շրջանակներում հանդիպել երիտասարդների, ովքեր, ապրելով տարբեր երկրներում, այնուամենայնիվ իրենց գաղափարական ուղղվածությունը, դաստիարակությունը եւ հիմնական ճանապարհները ուղղում են դեպի մայր հայրենիք` Հայաստան: Դուք բոլորդ ծնվելով տարբեր երկրներում` Հայաստանի մասին պատկերացումներ ունեցել եք տեսականորեն եւ յուրաքանչյուր այսպիսի այցելություն հնարավորություն է տալիս, որպեսզի ճանաչեք մեր մայր հայրենիքը, այն օրրանը, որ մեզ բոլորիս կապում է իրար հետ եւ այդ միասնականության գաղափարն է, որ միշտ հիմքեր է ստեղծել, որպեսզի մենք կարողանանք ունենալ հաջողություններ, կարողանանք ունենալ հաղթանակներ եւ ապահովել մեր ժողովրդի զարգացումը»
«Դեպի Հայք» հիմնադրամը հիմնվել է 2003 թվականին ԱՄՆ-ում` Էդիլ Հովնանյանի կողմից: Հիմնադրամի առաքելությունն է զարգացնել եւ ամրապնդել սփյուռքահայ երիտասարդների կապը Հայրենիքի հետ` հնարավորություն տալով նրանց մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին եւ ներդրում ունենալ Հայրենիքի զարգացման գործում կամավորական աշխատանքի միջոցով, միաժամանակ երկարատեւ անձնական կապեր ստեղծել Հայրենիքում ու բարձրացնել Սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը: