Լրահոս
Օրվա լրահոսը

«Բառացի արտագրել է սիրելի Իլհամ Հեյդարովիչից»

Հուլիս 13,2013 12:50
Hermine Naxdalyan

Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի՝ մոլդովացի օմբուդսմենը

բարեհաջող գովազդեց իրեն ու գուցե հաջողեց պատվիրատուների մոտ իր գինը բարձրացնել:

«Ինչ որ ճիշտ է՝ ճիշտ է, Մոլդովայից եկած օմբուդսմենի կամ ավելի շուտ՝ Հայաստան ուղարկված ադրբեջանցիների խորհրդարանական փաստաբանի ելույթներում ոչ մի նոր բան չկար»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում մոլդովացի փաստաբանի արած հայտարարություններին՝ կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով, որ տիկնոջ ասածները հին, բազմիցս կրկնված, եվրոպական քաղաքական գործիչներին ու լավատեղյակ մարդկանց վաղուց ձանձրացրած մտքեր ու թվեր էին, որոնք արդեն ոչ մի տեղ ոչ մեկի վրա տպավորություն չեն գործում եւ դիվիդենդներ չեն բերում՝ բացի Ադրբեջանից։ «Բայց ինչպես տեսնում եք՝ վարձով օգտագործվելու համար դրանք որոշ ճարպիկ ձեռներեց տիկնանց կողմից որպես առիթ առայժմ դեռ կարող են ծառայել»,- նկատեց ԱԺ փոխխոսնակը։ Ըստ նրա՝ հնչեցված մտքերը մեկին մեկ կրկնում են քսանամյա վաղեմության ադրբեջանական հերյուրանքները. «Կարծում եմ՝ հեղինակների համար էլ վիրավորական է՝ բառացի պատճենահանված գրագողության համար: Նաեւ պատվիրատուները կարող են նեղանալ. պատվեր ես ստացել, գոնե մի քիչ աշխատեիր վրան, սեփական բառերով արտահայտվեիր: Բայց չէ՝ բառացի արտագրել է սիրելի Իլհամ Հեյդարովիչից: Ինչի համար են միայն մարդկանց վճարում»։

Ինչ վերաբերում է եկվոր տիկնոջ կողմից իմ նկատմամբ արտահայտված դժգոհություններին, ինչպես նաեւ այն հայտարարություններին, որ նիստը նախագահողը իբր իրեն ընդհատել է ժամանակից շուտ, եւ չեն թողել խոսքը վերջացնի, տիկին Նաղդալյանն ասաց, որ իրենք իրենց պահել են՝ ինչպես հատուկ է իսկապես քաղաքակիրթ ազգին եւ ոչ ոմանց նման. «Մեր երկրում իրական ժողովրդավարություն եւ խոսքի ազատություն է, դրա համար էլ նրան լսեցինք առանց ընդհատելու, կանոնակարգի պահպանմամբ եւ պատասխանեցինք տակտով եւ զուսպ։ Ի դեպ, բոլորս հիշում ենք, թե ինչպես վերջերս հայ խորհրդարանականին ամենակոպիտ ձեւով թույլ չտվեցին ելույթ ունենալ Բաքվում՝ միջազգային բարձր հանդիպման ժամանակ։ Անկեղծ ասած, գայթակղություն կար մի-երկու նավթացենտով կամ մի քանի գդալ խավիարիկով վաճառվածին բացատրել՝ այդ պատերազմը մեզ պարտադրվել եւ սանձազերծվել է՝ ի պատասխան ղարաբաղցիների  կողմից ինքնորոշման արդարացի պահանջի, որը ցանկացած ժողովրդի անքակտելի իրավունքն է, որ Խոջալուի կոտորածը կազմակերպվել է իրենց իսկ ցեղակիցների՝ իր իսկ պատվիրատուների կողմից, որի փորձը նրանք ձեռք էին բերել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի գազանություններով, որ ամբողջ աշխարհին է ստույգ հայտնի, եւ շատ ուրիշ բաներ, սակայն մտածողության իրական հանդուրժողականությունը, եվրոպական արժեքներին նվիրվածությունը եւ նաեւ միջոցառման տիրոջ կարգավիճակը որոշակի պարտավորություններ էր մեզ վրա դնում: Այնպես որ, ստիպված եղանք բավարարվել միայն մի քանի մերկացնող դիտողություններով։  Իհարկե, ոչ մի կասկած չի կարող լինել օմբուդսմենի գործողությունների պատվիրվածության եւ հովանավորվածության վերաբերյալ, այդ մասին են վկայում մի ամբողջ շարք երեւույթներ»։

Մեր զրուցակիցը նկատում է, որ օմբուդսմենի պարտականությունը մարդու իրավունքների պաշտպանությունն է իր երկրում, եւ այս համաժողովում տիկնոջ կողմից պետք է հնչեին մտքեր՝ Մոլդովայում մարդու իրավունքների վիճակի մասին։ «Աուրելիա¬խանումի զեկուցման շրջանակներում Աստծո արդարությունը պահանջում էր առաջին հերթին բարձրաձայնել Մերձդնեստրի խնդիրները, բայց նրա համար կարեւոր են Ադրբեջանի եւ ոչ թե սեփական ժողովրդի շահերը, նա նրա՛նց փաստաբանն է՝ մոլդովական հարկատուների միջոցների հաշվին։ Այդ պատճառով ժամանակի առյուծի բաժինը հատկացվեց ադրբեջանցիներին՝ միայն հայացքը շեղելու համար մի քանի խոսք Վրաստանի իրավիճակի վերաբերյալ, ու հաջորդիվ՝ մնացորդային սկզբունքով, հիշեց իր ուղղակի պարտականությունների՝ Մոլդովայում մարդու իրավունքների պաշտպանության մասին, բայց, բնականաբար, դրան արդեն ժամանակ չէր թողնվել»,- նկատեց տիկին Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է ելույթի ձայնագրությանը, ՀՀ ԱԺ փոխնախագահն ասաց. «Խանումը բացատրում է, որ ձայնագրել է բոլոր ելույթները, բայց այդպես չէ: Ականատեսները նկատել են՝ ինչպես նա իր ելույթից առաջ միացրեց ձայնագրությունը, այլ ձայնագրություններ ներկայացնել չէր կարող։ Իր կայքում նույնպես այլ ձայնագրություններ տեղադրված չեն: Այսինքն՝ այնպես չէ, որ իր բոլոր ելույթները գրանցում է, երեւի միայն նրանք, որոնք ենթակա են վճարման ներկայացնելու»։

Քիշնեւում իր մամուլի ասուլիսում փաստաբանը բացատրում էր, որ իր ելույթի նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել մարդու իրավունքների խախտումների վրա։ Տիկին Նաղդալյանը հեգնում է. «Հաճույքով կհավատայի, բայց մարդ ասելով՝ նա հասկանում է զուտ ադրբեջանական ազգության մարդկանց։ Հավասարակշռության համար մի երկու խոսք ասեր նաեւ կոնֆլիկտի շրջանում տուժած հայ բնակչության մասին։ Բայց ոչ։ Իսկ կարող է ադրբեջանցիների իրավունքների բոցաշունչ մարտիկ տիկին Աուրելիա¬խանումը նպատակ էր դրել  միջազգային հանրության ուշադրությունը գրավել մարդու իրավունքների խնդիրների վրա եւ Բաքվի՞ խորհրդաժողովում, որտեղ եղել էր մի ամիս առաջ։ Գուցե այդպիսի ձայնագրություններ ե՞ւս կան։ Դարձյալ ոչ»։

Ի վերջո, ըստ մեր զրուցակցի, խնդիրն այն չէ, թե ինչու է խոսել տիկինը, այլ այն, որ խոսել է. «Ես, օրինակ, նույնպես ելույթ եմ ունեցել նույն այդ խնդիրների մասին Բաքվում, Ադրբեջանի նախագահի նստավայրում։ Բայց դա շիտակ ելույթ էր։ Քանի անգամ աշխարհի առջեւ պնդել ենք, որ սուտը զզվելի է…»։ «Եվ պատշաճ չէ մարդուն, ում իր երկիրը վստահել է մարդու իրավունքների պաշտպանի բարձր կոչումը, իջնել մինչեւ բացահայտ եւ ցածրորակ սուտը, կեղտոտ զրպարտությունը, մինչեւ փաստերի վերաձեւում՝ հարյուր տոկոսով շրջելով իրականությունը։ Անթույլատրելի է մարդկանց մոլորեցնել, աղավաղել իրականությունը, ծառայել որպես գործիք ուրիշների ձեռքին։ Դա վայել չէ օմբուդսմենի բարձր կոչմանը, վայել չէ մարդուն։ Օմբուդսմենների ընկերակցության ներկայացուցիչներն անմիջապես իրենց անհամաձայնությունն ու ափսոսանքն արտահայտեցին իրենց գործակցի նման պահվածքի առթիվ։ Այդ մասին շատ տպավորիչ արտահայտվեց նաեւ Մոլդովայի խորհրդարանի ներկայացուցիչը՝ մատնանշելով փաստաբանի անիրազեկությունը, քաղաքական կարճատեսությունն ու ոչ պրոֆեսիոնալությունը»։

Իսկ վերջում, անդրադառնալով «վարագույրից առաջ»՝ սպառնալիքների ու վտանգների մասին մոլդովացի տիկնոջ «բեմադրած» չափազանց հոգեցունց շոուին՝ Հերմինե Նաղդալյանը նկատեց. «Պարզվում է՝ ոչ միայն քաղաքական կարճատեսությունը, այլեւ պարզապես սրբազան միամտությունը։ Սպառնալի զանգերի մասին չեն հաղորդել համապատասխան հաստատություններ։ Որ ճեմասրահում եւ հյուրանոցի մուտքի մոտ տեսախցիկներ են տեղադրված՝ պատկերացնել էլ չէր կարող։ Իսկ անհանգստությունը, թե իրեն ինչ¬որ տեղ կտանեն, դա ընդհանրապես ծիծաղելի է՝ ո՞ր  հայը կխայտառակի իրեն ադրբեջանական թերմացքով։ Պարզվում է՝ կեղծիքը խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի գլխավոր գործիքն է։ Փոխարենը՝ հաջողվեց գովազդել իրեն ու գուցե հաջողվի պատվիրատուների մոտ գինը բարձրացնել»։

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ALEX says:

    Ինչքան ուզում էք խոսեք աուրելա խանումը իր գումարը եվ հաճույքը ստացավ:

  2. Maxim says:

    Սրան պակասում է միայն բոբոխանյանի, և նրա նմանների քաջ Նազարական կոչերը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031