Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայից արձագանքները ավելի ու ավելի ջղաձիգ են դառնում

Հուլիս 13,2013 13:00

2_1_SerjՎաղուց էր հասունացել ժամանակը, որպեսզի Հայաստանն ու Ռուսաստանն առաջնորդվեն ազգային շահերը հաշվի առնելու ձգտմամբ

Թեեւ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ, եվրոպացի դիվանագետներ միաբերան կրկնում են, թե Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից ճնշումներ չկան, եւ վերջին իրադարձությունները՝ Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի զենքի վաճառքը ՌԴ-ի կողմից, Հայաստանում գազի սակագների բարձրացումը ամենեւին էլ կապ չունեն Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացների հետ, այնուամենայնիվ, ռուսական շրջանակները վերջին օրերին հատկապես բավական նյարդային են սկսել խոսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման թեմայի շուրջ:

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Ռեգնում» լրատվական գործակալությանը բավական ուշագրավ հայտարարություններ է արել: Նա նախ դժգոհել է, որ եվրոպացիները ռուսների եւ նրա դաշնակիցների բոլոր նախաձեռնությունները անվանում են խորհրդային կարգերը վերականգնելու փորձ՝ ձգտելով վերադարձնել նախկին ազդեցությունը… «Ռուսաստանը, որ սկզբում իր դաշնակիցների հարաբերությունները ԵՄ-ի հետ չէր դիտարկում որպես սպառնալիք, հիմա արդեն չի կարող աչք փակել…»: Զատուլինը մատնանշում է ԵՄ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ օրինակ՝ Ուկրաինայի վերաբերյալ եվրոպացի պաշտոնյաները նշել են, թե Մաքսային միության անդամակցությունը կխոչընդոտի ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրի ստորագրմանը: Ապա ռուսաստանցի քաղաքագետը հիշեցնում է Հայաստանի վարչապետի հայտարարությունները՝ դրանք բնութագրելով որպես եվրոպական ուղղության, եւ բխեցնում, որ եթե ընտրության հարց դրվի, ապա կընտրեն հենց եվրոպական ուղղությունը: «Արեւմուտքը մրցակցության մեջ է Ռուսաստանի հետ եւ ձգտում է խոչընդոտել եվրասիական տարածքում ցանկացած ինտեգրացիոն գործընթացին»,- նշում է նա եւ անցում կատարում Հայաստանին. «Այս երկիրը բարդ իրավիճակում է, ցանկացած պահի կարող է նրան ռազմական եւ քաղաքական օգնության անհրաժեշտություն պետք լինել: Երեւանում չպետք է կասկածեն, որ ԵՄ-ն անվտանգության երաշխիքներ նրանց չի տալիս, այլ Ռուսաստանը»: Այնուհետեւ Զատուլինը հիշեցնում է՝ «փոքրիկ» խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտությունը. «Մի՞թե հայկական հասարակությունում պատրանքներ կան, որ ԵՄ-ն, որը որոշակի դիրքորոշում ունի ԼՂ հարցում, որոշակի մերձեցման փուլում Երեւանից չի պահանջելու զիջումների գնալ…»։

Հետաքրքրականն այն է, որ երբ ռուսական կողմը Ադրբեջանին զինում է, այս դեպքում հայկական կողմին հասցված սպառնալիքների մասին չեն մտորում, բայց երբ խոսքը գնում է Հայաստանի եվրոպական ինտեգրման մասին, արդեն Հայաստանի վրա հասնող վտանգների մասին են խոսում ռուս քաղաքական այրերը:

Կամ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում, երբ բարձրաձայնեց «ադրբեջանական գրավյալ տարածքների վերադարձի» մասին, այս դեպքում հայկական կողմին հասցված ապտակի մասին ռուսները չեն խոսում:

Երեկ ռուսաստանցի մեկ այլ՝ ոչ անհայտ քաղաքագետ, «Ռեգնում» գործակալության նախագահ Մոդեստ Կոլերովը համոզմունք է հայտնել, թե չի կարելի լինել ԵՄ ասոցացված անդամ եւ չանդամակցել ՆԱՏՕ-ին, նա նույնիսկ ասել է, որ չի զարմանա, «եթե մոտակա տարիներին Հայաստանում դրվի ռուսական ռազմակայանի վաղաժամ դուրսբերման հարցը»: Չկա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նախկին փոխադարձ վստահությունը, եւ հենց այդ վստահության կորստի արդյունք է համարում Կոլերովը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հսկայական քանակով զենքի վաճառքը:

Դե, իսկ վերջին օրերի ամենացնցող խայթոցը հնչեց Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի շուրթերով: Նա EvrazesNews.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Իսկ ի՞նչ իրական օգնություն է ցուցաբերել Եվրամիությունը Հայաստանին՝ բացի խորհուրդներից եւ խոստումներից, գոնե վերջին տարվա ընթացքում: Իր պահոցում հավաքելով եվրոպական արժեքներ՝ Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ուղու վրա»,- ասել է նա: Դեսպանը նշել է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վերոնշյալ համաձայնագրի ստորագրման դեպքում հայ-ռուսական հարաբերություններում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի սեփական ազգային շահերը հաշվի առնելու ձգտում, ինչպես դա անում է, օրինակ, Եվրամիությունը: «Իհարկե, մնալով դաշնակիցներ՝ մենք երկկողմ հարաբերությունները կզարգացնենք հավասար եւ փոխշահավետ հիմքով»,- հավելել է Կովալենկոն:

Վաղուց էր հասունացել ժամանակը, որպեսզի Հայաստանն ու Ռուսաստանն առաջնորդվեն ազգային շահերը հաշվի առնելու ձգտմամբ եւ հավասարը հավասարի սկզբունքով հարաբերվեն: Իսկ հյուսիսից վերջին սպառնալիքները վկայում են այն մասին, թե որքան վճռորոշ գործընթացում են նախկին խորհրդային հանրապետությունները Վիլնյուսի գագաթնաժողովի նախաշեմին: Ռուսները վերջին օրերին իրենց ջղաձիգ պահվածքով ԵՄ-ի հետ փոխհարաբերությունները էլ ավելի խորացնելու առումով ակամայից լրացուցիչ խթան են դառնում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Gagik says:

    Չկա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նախկին փոխադարձ վստահությունը, եւ հենց այդ վստահության կորստի արդյունք է համարում Կոլերովը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հսկայական քանակով զենքի վաճառքը:

  2. aragast says:

    Ես կուզեի,որ Հայաստանը դառնար ՆԱՏՕ-ի անդամ և ոչ թուրքիան և ոչ էլ ադրբեջանը կհարձակվեին Հայաստանի և Արցախի վրա,իսկ Ռուսասրանը մեզնից հեռու կմնար ու չէր խանգարի նախագահի ընտրությանը։ Հնարավոր է որ թուրքիայի հետ առևտրական հարաբերությոնները զարգանան։ Նույնիսկ եվրոպական պետությունները ավելի շահագռգռված կլինեն ներդնումներ անեն մեր երկրում։ Իսկ Ռուսաստանը իր վերաբերմունքը կփոխի մեր նկատմամբ, քանի որ կախման մեջ չենք լինի նրանցից։

  3. Տիգրան says:

    Ռուսաստանն իր անորակ ու առևտրականի քաղաքականությամբ, որում բացարձակապես բացակայում են ռազմավարական, անգամ մարտավարական խնդիրներն ու վերլուծությունները, հիշեցնում է հասարակ չարչու: Ով շատ գումար տվեց, ով շատ զենք առավ, ով շատ գազ ու նաֆթ առավ, նա էլ դառնում է գործընկեր` անկախ այն բանից, թե անցյալում ով են եղել, ապագայում ոնց են իրենց պահելու: Եբ քանի քանի որ այսպիսի մոտեցմամբ զրոյացրել է իր քաղաքական ռեսուրսն ու ի չիք դարձրել վստահության վերջին նշույլները` սկսել է հիստերիան:

  4. Maxim says:

    Թե՛ Ռուսաստանի և թե՛ ԱՄՆ-ի ազգային շահերը ուղղորդվում են Իսրայելից: Հայաստանի ազգային
    շահերը բխում են ռոբիկի, շեռժիկի, շաշիկի, լֆիկի և նույնիսկ լիսկայի անձնական բիզնեսից:
    Նման իրավիճակում ազգային շահերի մասին խոսելը,՝ ուղակի ողբերգական է: Հայաստանը երբեք չի
    կարող դառնալ ԵՄ-ն լիիրավ անդամ, քանի որ չկա մի արտադրանք որը համապատասխանի ԵՄ-ն
    նորմերին, այդ թվում և մեր գինիներն ու կոնյակը, որով գիշեր ու զոր պարծենում ենք: Գյուղատնտեսության մասին խոսելու փոխարեն, կարելի է ուղղակի լաց լինել: Ինչ վերաբերվում է,՝
    մեր ծիրանին ու խաղողին լավագույն դեպքում կարտահանենք այնքան,՝ ինչքան որ արտահանում ենք Ռուսաստան: Ինչ կարող ենք արտահանել, այն՝ կենաց ասելն ու շալլախո պարելն է, որը բացի մեր մեծամեծերից, ոչ ոքի հարկավոր չի:
    ՆԱՏՕ-Ի անդամ դառնալով, ապահովել մեր երկրի անվտանգությունը, նշանակում է անտեղյակ լինել
    Հյուսիսային Կիպրոսի մասին:
    Երկրի մասին մտածելու ժամանակ, առաջին հերթին պետք է ազատվել հանցագործ վառչախմբից:

  5. ԿՈՊ says:

    արագաստին. մաքսիմին եվ նրանց նման մտածողներին…ՆԱՏՕ կամ ԵՄ մտնելը կլինի Հայաստանի վերջը, հիշեք Կիպրոսի հյուսիսի գրավումը Թուրքիայի կողմից: Թուքիան եվ Հունաստանը երկուսն էլ ՆԱՏՕ անդամ էին, ինչու լռության մատնեցին, չպաշտպանեցին Հունաստանին: Ականջներիդ օղ արեք` Թուրքիան պետք է Ամերիկային եվ ՆԱՏՕ-ին ի հակակշիռ Ռուսաստանի…Լավ թե վատ Ռուսաստանն է միակ մեր աջակից եվ պետք է նրա հետ ճիշտ քաղաքականություն վարել…

  6. Արթուր Ղազարեան says:

    Մաքսիմ, չէք յոգնե՞լ նման մանկական մտօրումներից 🙂

  7. Արթուր Ղազարեան says:

    Ես էլ էի նկատել վերջին օրերին նման ջղաձգութիւն հիւսիսից: Դէպի Եւրոպա մեր ընթացքից ես գոհ եմ: Թերեւս մի մտավախութիւն ունեմ՝ Ռուսաստանի խելքին յանկարծ չփչի որեւէ «արտակարգ» իրավիճակ ստեղծել Հայաստանում (ահաբեկչութիւն, արցախեան պատերազմ եւ այլն): Զգօն լինենք:

  8. Maxim says:

    Հարգելի ԿՈՊ: Մենք երկուսս էլ ՆԱՏՕ-Ի հարցում,՝ բացարձակապես նույնն ենք ասում, ուղակի
    քանի, որ Հայ ենք հակադրվում ենք նաև այդ դեպքում: Մենք կարող ենք իրար հետ համախոհ լինել
    միայն այն դեպքում,՝ երբ միախմբված թալանենք մեր երկիրը, դա Հայի մոտ լավ է ստացվում, ինչի
    ապացույցն է այսօրվա հանցագործ վարչախմբի գործունեությունը: Իսկ, լավ թե վատ Ռուսաստանն է
    միակ մեր աջակիցը,՝ չարեչար սխալվում ես: Հայաստանի նման երկիր՝ ինչը որ այսօր է, դրական առումով ոչ ոք նրան աջակից չի կարող լինել, քանի որ երկրում թալանվում և ավերվում է ամեն ինչ,՝ բյուջեն, ընդերքը, մարդկային ռեսուրսները, և այս ամենից ելնելով,՝ ամենասարսափելին որ ժողովուրդի լրիվ բարոյալքումն է, որի պարզ և ակնհայտ ապացույցը, այս տարվա փետրվարի 18-ի և մայիսի 5-ի օրինակն է, երբ ժողովուրդը ընդունեց թաղի խուժանի խաղի կանոնները, ընդհամենը իրեն վաճառելով 5-10 հազար դրամով, և դեռ հաջորդ առիթներոմ նույնպես կվաճառի:
    Կա մի բացարձակ ճշմարտություն, որի ապացույցն է՝ Էստոնիան, որը իր համախառն արտադրանքի
    գրե թե կեսը արտահանում է Ռուսաստան, իսկ գյուղատնտեսության ապրանքների մոտ 60%-ը՝
    Սանկտ-Պետերբուրգ, որի ականատեսն եմ, թեպետ մինչ օրս նա իրեն երբեք Ռուսաստանին չի
    համարում բարեկամ երկիր, նրա հետ ունենալով հանդերձ տասնձակ լուրջ ծրագրեր, տարբեր
    բնագավառներում: Թեպետ ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ է, ունի Պսկովի շրջանում վիճելի սահմանային
    գոտի, որի պատճառով չի ստորագրված սահմանները ճանաչելու փոխադարձ համաձայնություն,
    և էլի շատ տարաձայնություններ:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031