Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ուղղակի դեմագոգների, անգրագետ մարդկանց, ցինիկների քննադատություն է». Լեւոն Զուրաբյանը`իր դեմ մեղադրանքների մասին (տեսանյութ)

Հուլիս 13,2013 12:04

«Սա ուղղակի դեմագոգների, անգրագետ մարդկանց, ցինիկների քննադատություն է»,-Aravot.am-ի հարցին`ինչպիսի՞ գնահատական կտաք այն մեղադրանքներին, որոնք ՀՀ քաղաքական շրջանակներից հնչում են Ձեր հասցեին` ԵԽԽՎ-ում ներքաղաքական խնդիրներ բարձրացնելու եւ այդպիսով «ադրբեջանական կողմի ջրաղացին ջուր լցնելու» առիթով, այսպես պատասխանեց ՀԱԿ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը: Նա փաստեց, որ ցանկացած գրագետ մարդ գիտի, որ ԵԽԽՎ-ն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պալատն է, եւ դրանք համարվում են հարցեր, որոնք  վերաբերում են պետությանը, եւ չեն կարող ընկալվել որպես միջամտություն երկրի ներքին գործերին:

Պարոն Զուրաբյանը նշեց, որ ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել, եւ եթե այդ պարտավորությունները վերցված չլինեին, կարելի էր գուցե իրեն մեղադրել: Այնուհետեւ շարունակեց. «Կան ստեղծված հատուկ կառույցներ, որոնք նաեւ ՀՀ-ի համաձայնությամբ զբաղվում են այդ հարցերով: Օրինակ`այդպիսի կառույց է ՄԻԵԴ-ը, այն ունի ավելի բարձր իրավասություն, քան ՀՀ դատարանները: Մենք այդ հարցերում մեր սուվերենությունն արդեն ինչ-որ իմաստով հանձնել ենք ավելի բարձր ատյանի: Ամենամեծ վնասը ՀՀ-ին, կամ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու առումով բերում են այս իշխանությունները` թուլացնելով ՀՀ պաշտպանվածությունը, թուլացնելով այն հավասարակշռությունը, որ ստեղծված էր 90-ականներին: Հիմա այլեւս դա չկա, իսկ Ադրբեջանը գնալով ավելի ուժեղանում է ռազմաքաղաքական առումով, կամ արտագաղթեցնելով ժողովրդին: Եթե Ադրբեջանում 9 միլիոն բնակչություն կա, իսկ ՀՀ-ում կորցնում ենք բնակչությունը, ապա էլ ավելի էֆեկտիվ ձեւ կա՞ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու»:

Aravot.am-ի խնդրանքով անդրադարձ կատարվեց այն փաստին, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Լեւոն  Զուրաբյանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց է հղել, թե Հայաստանի` ԵԽ Նախարարների Կոմիտեի  նախագահության հռչակած նպատակները համատեղելի չեն ՀՀ-ում գոյություն ունեցող իրավիճակի հետ, մասնավորապես չեն պատժվել մարտի 1-ի հանցագործները, շարունակում են անազատ պահել հեռուստատեսությունը, կեղծում են ընտրությունները, ուստի այդ դեպքում ՀՀ-ի հռչակած նախագահության նպատակները երեսպաշտական հնչեղություն ունեն: Լեւոն  Զուրաբյանը կարծում է, որ եթե ՀՀ-ն նման նպատակների իրագործմամբ  է զբաղվում, համակարգում է հիմա այդ գործընթացները Եվրոպայի տարածքում, ապա առաջինն իրենից պիտի սկսեր:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031